
Գյումրիում Կարեն Կարապետյանի ներկայությամբ ազդարարվեց «Կումայրի» ներդրումային ծրագրի մեկնարկը

Աշխատանքային այցով մարտի 21-ին Շիրակի մարզում էր Կարեն Կարապետյանը: Այցի շրջանակներում Գյումրիում ՀՀ վարչապետի ներկայությամբ ազդարարվեց «Կումայրի» ներդրումային ծրագրի մեկնարկը:
Գյումրիում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով իրականացվող ներդրումային ծրագրի առանցքում «Կումայրի» պատմաճարտարապետական տարածքի վերականգնումն է՝ երկու՝ Շիրազի ու Ռուսթավելի փողոցների վերակառուցման ծրագրի մեկնարկով: Ներդրումային ծրագրի առաջին ներդրողը ՀՀ վարչապետն էր՝ Կարապետյան ընտանիքի անունից` 500 հազար դոլար:
Վարչապետը եղավ հենց այդ նույն հասցեում, որտեղ իր ներդրմամբ ձեռք է բերվել և վերականգնվելու է կառույցը: Շիրազի փողոցի վերջնամասում (Ջիվանի 79) գտնվող երկհարկանի կառույցը՝ նախկին «Ջրահարս» ռեստորանը այս պահին արդեն մաքրվում է՝ վերականգնվելու համար: Չնայած ուշ ժամին վարչապետը եղավ նաև հարակից փողոցում, որտեղ ևս վերականգնման աշխատանքները սկսվելու են շուտով՝ աշխատանքների մեկնարկի համար խոչընդոտ ու խնդիր չկա՝ տեղում շինարարներն ու պատասխանատուները վստահեցրին ՀՀ վարչապետին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը այցի շրջանակներում, մինչ Գյումրի ժամանելը, վարչապետը եղավ Արթիկի և Ախուրյանի տարածաշրջանների մի շարք գյուղական համայնքներում՝ Մեծ և Փոքր Մանթաշներ, Սարալանջ, Նահապետավան, Հոռոմ, Ազատան և Արևիկ: Ծանոթացավ այն խնդիրներին, որոնք հուզում են գյուղացուն այսօր՝ հիմնականում գյուղատնեսության ոլոտին առնչվող՝ բերքի իրացում, խմելու ու ոռոգման ջրի հետ կապված:
Արմենուհի Մխոյան