«Խնդիրը երկու ԲՀԿ-ականների միջև չէ, դա հերյուրանք է». Դանակահարության դեպքը պարզաբանում է Լյովա Խաչատրյանը
«Խնդիրը երկու Բարգավաճականների միջև չէ, դա հերյուրանք է։ Դա հորինել է թեկնածուներից մեկը, որ նման հարցազրույց է տվել, ես տեղյակ եմ և խորհուրդ կտամ այդ հերյուրանք տարածողին պղտոր ջրում չփորձի ձուկ որսալ, կարող է ուրիշ բան ընկնի կարթի վրա։ Եղել է սադրանք, դա միանշանակ է։ Թե ո՞ր կողմից, առայժմ պարզել է պետք»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածու Լյովա Խաչատրյանը՝ խոսելով կիրակի գիշերը տեղի ունեցած նախընտրական զինված միջադեպի մասին, երբ դանակահարվել են Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում Լյովա Խաչատրյանի շտաբի պետ Արամ Ասատրյանը և նրա մերձավոր Մանուկ Հովսեփյանը։
Ըստ նրա՝ իր սանիկը՝ Արամ Ասատրյանը, ցանկացել է իրենց կողմնակիցներից մեկից հաշվետվություն ստանալ, տեղում հայտնվել է իրենց կողմնակցի տղան՝ մի խումբ անձանցով, հրահրվել է սադրանքը, որն ավարատվել է դանակահարությամբ. «Թե ո՞ւմ պատվերն է կատարել մեր կողմնակցի տղան, առայժմ պարզ չէ։ Նա զինվորական է, թե ինչ կուսակցության անդամ է, ում պատվերն է կատարել, ես չգիտեմ, առայժմ տեղեկություն չունեմ, պարզ չի։ Բայց որ սադրանք է, դա միանշանակ է»։
Մեր հարցին, թե ՀՀԿ-ականներ հստակ մասնակցե՞լ են միջադեպին, Լ.Խաչատրյանը կրկնեց, որ դեռ պարզ չէ, թե ում շահերն է հետապնդել. «Էս Ընտրական օրենսգրքով ոչ մեկ, ոչ մեկի ոչ կուսակցություն գոյություն ունի, ոչ բան։ Ամեն մեկը մեկին գրկած գնում են առաջ։ Դա ում է գրկել, ուզեցել առաջ գնա, պարզել է պետք»։
Լ.Խաչատրյանը նշեց, որ Արամ Ասատրյանի վիճակը կայուն ծանր է։
Հիշեցնենք, որ Արամ Ասատրյանին ծանր վիճակում տեղափոխել են Երևան, հիվանդանոցում 2 անգամ վիրահատել են` փայծաղն ու երիկամը: Դանակահարված 24-ամյա Մանուկ Հովսեփյանը համեմատաբար լավ է, և գտնվում է Ապարանի հիվանդանոցում:
Նշենք, նաև ՀՀԿ ռեյտինգային թեկնածու, նախկին ԲՀԿ-ական Արագած Ախոյանը «Ժողովուրդին» ասել է, որ միջադեպը եղել է «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներից Լյովա Խաչատրյանի շտաբի անդամի և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի նախագահ Սեդրակ Առուստամյանի (նույն մարզում ռեյտինգային կարգով առաջադրվել է Ս. Առուստամյանի դուստրը՝ Նորա Առուստամյանը) շտաբի անդամի միջև, պատճառը ռեյտինգային խնդիրներն են:
Ոստիկանությունից պարզաբանել են, որ մարտի 19-ին ժամը 23:30-ին «Ապարան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել է, որ երկու հոգի տեղափոխվել է ԲԿ՝ մեկը կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով, և երկրորդը աջ ազդրի առաջին երրորդականի կտրվածք վերք վնասվածքով: Օպերատիվ խումբը պարզել է, որ նույնը օրը 22:50-ի սահմաններում Շենավան-Հարթավան գյուղերի խաչմերուկում վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակով հարվածել է նրանց: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ կատարողին հայտնաբերելու ուղղությամբ, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։