«Մենք մոդել չենք՝ պոդիումի վրա քայլող, որ շորներս հանենք, ասենք՝ նայեք՝ ինչ բարեմասնություններ ունենք». Հրանտ Բագրատյան

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում մեկնաբանեց արդեն կեսին հասած քարոզարշավի ընթացքը, որը, ըստ բանախոսի՝ բավականին ակտիվ ընթացք ունի.

«Ընտրապայքար մտած միակ քաղաքական ուժը, որը հաշվել է, որ բյուջեն կկազմի այսքան, այն աճելուց հետո այսպես կբաժանենք՝ մենք ենք, երկրորդը չկա: Մյուսները գրել են ծրագիր, որն ընդամենը միջոցառումների շարան է, քանի որ ռեսուրսը չեն գրել: Իրենք տորթը բաժանում են, բայց տորթը չունեն: Մենք տալիս ենք տորթը, միաժամանակ աշխատել ենք մեր ծրագիրը գրել հնարավորինս պարզագույն լեզվով: Մենք չենք եկել հաճոյանալու, մենք մոդել չենք՝ պոդիումի վրա քայլող, որ շորներս հանենք, ասենք՝ նայեք՝ ինչ բարեմասնություններ ունենք: Մենք եկել ենք ասենք՝ սա է մեր երկրին պետք, հասկացա՞ք: Մնացածը, թե ով ինչ է մտածում մեր մասին, ես, մեղմ ասած, թքած ունեմ», – ասում է Հրանտ Բագրատյանը և հավելում՝ խորհրդարանում պատրաստ են կոալիցիա կազմել գրեթե բոլորի հետ, բացի ՀՀԿ-ից:

Անդրադառնալով ընտրակաշառքների և թաղային հեղինակությունների դեմ պայքարի միջոցներին՝ պատգամավորության թեկնածուն, ըստ սեփական բնորոշման՝ ամենայն անկեղծությամբ նկատում է.

«Թաղային հեղինակության դեմ կռիվ կտանք, եթե դիմեն զենքի՝ մենք էլ զենքի կդիմենք, անկեղծ եմ ասում: Ես ամեն շաբաթ ծառայություն եմ ստանում քաղաքի կենտրոնում գտնվող մի անձնավորությունից, որն ինձ ասում է՝ ինձ տվել են, ես չեմ կարող, բայց ես այնքան հետաքրքիր եմ հետևում ձեր քարոզարշավին: Կա նաև Արմավիրի մեր ռեպորտաժը, որտեղ ինձ մոտենում են, ասում են՝ ամոթ չե՞ք անում, որ առանց փող եք եկել մեզ մոտ: Կան այդպիսի մարդիկ, չեմ ասում՝ ամբողջ ժողովուրդն այդպիսին է: Երբ մենք գանք իշխանության, փոխվելու է ողջ դատական համակարգը: Պատկերացրեք՝ որքան վատ կարծիքի եմ ես այդ համակարգի մասին, որ գոնե մեկ մաքուր մարդ այստեղ չեմ տեսնում: Ի դեպ, Արթուր Սարգսյանի դեպքերն էլ հաստատում են ասածս: Երբ մենք գանք իշխանության՝ 450 դատավոր ազատվելու է աշխատանքից, կհավաքենք նոր դատավորներ, հերի՛ք է: Կնշանակենք նորերին՝ 20 -25 տարեկան: Ոչինչ, որ նրանք աշխատանքային փորձ չեն ունենա, ընթացքում կսովորեն: Բոլորն ազատվելու են աշխատանքից, որ էս երկիրը երկիր դառնա, որ փրկենք էս երկիրը»:

Տեսանյութեր

Լրահոս