Կարեն Կարապետյանը լոռեցիներին տեղեկացրեց՝ 2017-ին մարզում նախատեսվում են 151 մլն դոլարի ներդրումային ծրագրեր
Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրով 2017 թվականին Լոռու մարզում նախատեսվում է իրականացնել 151 մլն դոլարի 45 ծրագիր, ինչի արդյունքում կստեղվի 2500 նոր աշխատատեղ: Այդ մասին Ալավերդիում բնակիչների հետ նախընտրական հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը: «Մենք Լոռու մարզում նախատեսում ենք իրականացնել ենթակառուցվածքների, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության զարգացման և այլ ծրագրեր», ասաց Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով, Վանաձորում նախատեսվում է կյանքի կոչել մի ծրագիր, որը նման կլինի Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի վերականգնման և զարգացման ծրագրին։ Այժմ ընտրվում է այդ վայրը, որտեղ զբոսաշրջիկների համար կստեղծվի նաև զբաղվածության գոտի: Զբոսաշրջության ոլորտի պատասխանատուներից մեկի հարցին ի պատասխան՝ Կարեն Կարապետյանը նշեց. «Մենք պետք է ստեղծենք համապատասխան ենթակառուցվածքներ, որպեսզի զբոսաշրջիկը քաղաքում, մարզում մնա մի քանի օր: Մեզ պետք է ռեգուլյար տեղեկատվություն ներկայացնեք, մշակեք ոլորտի զարգացման ծրագիր և այն ներկայացրեք Զբոսաշրջության զարգացման կոմիտեի նախագահին»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Միաժամանակ, կառավարության ղեկավարը նշեց, որ Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային ծրագրեր իրականացնելու հարցեր, որոնք վերաբերում են համատեղ զբոսաշրջային փաթեթներ առաջարկելուն, առողջապահական կենտրոններ ստեղծելուն և այլն: