«Որևէ հրահանգ չի եղել եկեղեցիներում Արթուր Սարգսյանի համար հոգեհանգիստ չկատարելու վերաբերյալ». Վահրամ Քահանան Եղվարդում տեղի ունեցածի առնչությամբ
Տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ԵՂՎԱՐԴՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
Այսօր Կոտայքի թեմի Եղվարդի Ս. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, որի հետևանքով հոգևոր հովիվ Տ. Հովնան քահանա Մաթևոսյանը հրաժարվել է հոգեհանգստյան կարգ կատարել Արթուր Սարգսյանի համար և հորդորել ներկաներին պարզապես իրենց մոմը վառել և աղոթք կատարել եկեղեցում, ցանկանում եմ պաշտոնապես պարզաբանել հետևյալը։
Ոչ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ոչ էլ Կոտայքի թեմի առանորդ Տ. Առաքել արք. Քարամյանի կողմից որևէ հրահանգ չի եղել եկեղեցիներում Արթուր Սարգսյանի համար հոգեհանգիստ չկատարելու վերաբերյալ։ Ի դեպ, Արթուր Սարգսյանի համար վերջին երկու օրերին հոգեհանգիստ է կատարվել արդեն մի շարք եկեղեցիներում ինչպես Հայաստանում, այնպես և Սփյուռքում։ Հայոց Եկեղեցին հոգեհանգստյան կարգ կատարում է իր բոլոր զավակների համար։
Հոգեհանգիստ չկատարելու որոշումը կայացվել է տվյալ քահանայի կողմից, երբ նա նկատել է, որ փորձ է կատարվում եկեղեցական արարողությունը քաղաքականացնել, երբ նրան սկսել են հարցումներ ուղղվել տեսախցիկի առջև։
Հորդորում ենք մեր Եկեղեցու զավակներին չտրվել հուզումներին, իսկ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին կոչ անում չշահարկել հանգուցյալ Արթուրի պարագան և զերծ մնալ անհարկի մեկնաբանություններից ու հանիրավի մեղադրանքներից»։