Ինչո՞ւ ձայն տալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի խաղաղության ծրագրին
«Հայաստանում իշխանություն պետք է ընտրել ոչ թե՝ ըստ խոստումների, այլ քաղաքական ուժերին պետք է տարբերակել՝ ըստ առաջարկվող լուծումների: Այդ առումով մենք շոշափելի, տևական լուծում ենք առաջարկում` խաղաղության ծրագիրը: Մենք ամենաանխնա քննադատն ենք եղել իշխող ռեժիմի, մենք ենք բարձրացրել թեմաներ, որ տաբու են եղել, մենք ենք խոսել չարաշահումների, համատարած ընտրակեղծարարության մասին՝ փաստերով ներկայացնելով այս ռեժիմի իրական դեմքը: Ժամանակին դրա համար նստացնում էին բանտեր, այսօր` ոչ»,- այսօր «Հոդված 3» ակումբում նախընտրական հանրային քննարկման ժամանակ հայտարարեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի անդամ, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ՀՀ քաղաքացիները պետք է ձայն տան իրենց։
Ըստ նրա՝ մեր պետականության գոյության կարևորագույն խնդիրը խաղաղությունն է, ԼՂ հակամարտության կարգավորումը։ Լ.Զուրաբյանի խոսքով՝ 18 տարի ՀՀԿ-ն եղել է երկրի կառավարման ղեկի մոտ և հասել է ուղիղ հակառակ արդյունքների, որ հռչակել էին. «Մի բան, որ մեզ համար պարզ էր 1998թ., այսօր պարզ է բոլորին: Ժամանակն է խաղաղության, սահմաններ բացելու, ամբողջ աշխարհի հետ առևտուր սկսելու և պետությունը զարգացնելու»:
Լ.Զուրաբյանը նշեց, որ իրենք նոր ոչինչ չեն հորինել, խաղաղության ծրագիրը նույն Մինսկի խմբի Մադրիդյան ծրագիրն է. «Մենք դատարկախոս կլինեինք, եթե մեր խաղաղության ծրագիրը բերեինք: Այսօր սեղանին դրված է խաղաղության ծրագիր, որն ամրապնդված է Մադրիդյան սկզբունքներով, այն գաղտնազերծված է, մենք խոսում ենք հենց այդ ծրագրի մասին: Ամենակարևորը` ծրագիրը բանակցված է Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ, ծրագրի հեղինակներն ու երաշխավորը ՄԽ համանախագահներն են, այնպես որ, մենք խոսում ենք կոնկրետ իրողության մասին, ոչ թե մոգոնում ենք անհավանական սցենար»:
Դաշինքի ցուցակով թեկնածու առաջադրված տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ Հայաստանն անցած 5 տարում մաշվել է, մաշվել են թե՛ դպրոցները, թե՛ արտադրական կառույցները, թե՛ ճանապարհները, և այլն. «Նոր ճանապարհը խաղաղության ծրագրի իրականացումն է: Սա չի նշանակում՝ պարտվողական ծրագրի ներկայացում, սա չի նշանակում, որ ՀՀ-ն ի վիճակի չէ սահմանները պահել, բայց Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է տնտեսական աճ»:
Վ.Խաչատրյանը նշեց, որ ճիշտ կառավարումն անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ, և առանց արդարադատության՝ չի կարելի առաջընթաց ապահովել: Նա համաձայնեց իշխանական տեսակետի հետ, որ ՀՀ պարտքը կառավարելի է, բայց հավելեց, որ այսօրվա հնարավորություններից ելնելով` լինելով փոքր, շրջապատված, փակ սահմաններով և սուղ ռեսուրսներով երկիր, Հայաստանն աճ չունի. «Երբ պետական պարտքն աճում է 30%-ով, իսկ տնտեսական աճը` 3%, չի կարող երկրի աճ լինել: Աքսիոմա է, որ պետք է սահմանները բաց լինեն զարգացման համար: Փակ սահմանների դեպքում 6% աճ այլևս չենք կարող ապահովել, միայն կգոյատևենք»։
Վ.Խաչատրյանը հիշեցրեց, որ երկրի ներկայիս պատկերն իրենք 5 տարի առաջ են ներկայացրել, և այժմ պետական պարտքը ՀՆԱ-ի 60%-ն է, օտարերկրյա ներդրումներն ընդամենը 150 մլն դոլար են, երբ Ադրբեջանում 3.5 մլրդ դոլար է, Վրաստանում՝ 1.5 մլրդ: Ուշադրություն հրավիրելով, որ Կառավարությունն այժմ վստահեցնում է, թե ներդրումներ կարվեն երկրում, տնտեսագետը հիշեցրեց 2008 թ. Սերժ Սարգսյանի այցելությունը Մոսկվա և ռուսաստանաբնակ մեծահարուստ հայերի խոստումները ներդրումների մասին, որոնք, սակայն, իրականություն չդարձան. «Կա մի ճշմարտություն` ներդրումները գնում են այնտեղ, որտեղ կա խաղաղություն, խելամիտ օրենքներ»:
ՀԱԿ վարչության անդամ, Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանի կարծիքով՝ ՀՀ ներկայիս իշխանությունները վախ ունեն, Ադրբեջանը համարում են անխոցելի, որ կարող է դեմ գնալ միջազգային կարծիքին: Սակայն, ընդգծեց նա, ինչքան վտանգավոր է թշնամուն թերագնահատելը, այնքան վտանգավոր է գերագնահատելը։ Թե ինչո՞ւ պետք է Ադրբեջանը համաձայնի խաղաղության ծրագրին, Ա. Ավագյանը նշեց, որ հաշվի են առնված պոտենցիալները, ռեալ փաստերը.
«Ակնհայտ է, որ Ադրբեջանն էլ լուրջ մտահոգությունների տեղ ունի՝ այն առումով, որ, եթե հակառակվի միջազգային հանրության կարծիքին, միջնորդների ներկայացրած պլանին, կարող է լուրջ մարտահրավերների առաջ կանգնեցնել երկիրը: Այս իշխանությունները եկել են երկրի ղեկավարման շատ ծայրահեղական լոզունգներով, հայտարարել են, որ ՀՀ-ն լուծելու խնդիր չունի, Հայաստանն իր հարցերը լուծել է, թող Ադրբեջանը մտածի, և ստատուս-քվոն ձգձգելով՝ միջազգային հանրությանը սխալ ազդակներ են ուղարկել: Ես վստահ եմ, որ եթե Հայաստանը բավարար կամք դրսևորի, ցույց տա, որ գնում է խաղաղության, այդ դեպքում Ադրբեջանը կհայտնվի լուրջ ճնշումների տակ: Այսինքն՝ մենք վակուումում չենք գործում, մենք միջազգային կարգուկանոնի տակ ենք»:
Հարցին, թե ինչո՞ւ ՀՀ ընտրողը պետք է ձայն տա Կոնգրես-ՀԺԿ դաշիքին, Ա. Ավագյանը պատասխանեց, որ դիվանագիտական արվեստի առումով իրենք ապացուցել են, որ Ադրբեջանին ունակ են բերել մի փաստաթղթի, որը, ըստ մեր իշխանությունների պնդման՝ Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել:
«Մենք պացիֆիստ չենք, գիտենք, որ խաղաղությունը պարտադրվում է։ Մեր քաղաքական ուժի ղեկավարությամբ է ՀՀ-ն ջախջախել Ադրբեջանին 1994թ. պատերազմում: Բայց հասկանում ենք մի բան` եթե թույլ ես տալիս Ադրբեջանին հասկանալ, որ կա խաղաղության ճանապարհ, նա երկընտրանքի առաջ է լինում` ընտրել ռազմական ուղին, որի ժամանակ մեծ գին է վճարելու Ադրբեջանը, կամ խաղաղությամբ լուծել հարցեր, որը, բնական է, նշանակում է՝ փոխզիջումներ, նշանակում է, որ երկու կողմն էլ պետք է հավասարակշռված բաներ ստանան։ Եվ, կշռելով՝ Ադրբեջանը հարկադրված է լինում գնալ երկրորդ՝ խաղաղության ճանապարհով»,- հավելեց Լ.Զուրաբյանը: