«Պահանջում ենք արդարադատության և առողջապահության նախարարների հրաժարականը». բողոքի երթ՝ ի հիշատակ «Հաց բերողի»
Այսօր Ազատության հրապարակում Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» հիշատակին նվիրված բողոքի ցույց էր կազմակերպվել։ Ակցայի մասնակիցները փորձեցին փակել Մաշտոցի պողոտան, սակայն ոստիկանները, շղթա կազմելով, քաշքշելով և հրելով՝ դուրս հանեցին նրանց ճանապարհի մի մասից և կոչ արեցին երթը շարունակել մայթերով։
«Մի օր սաղիդ մորթելու են ձեր տան մեջ»,- բղավեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Ի վերջո, ցուցարարները տարբեր վանկարկումներով՝ «Ա՛ր-թո՛ւր», «Հա՛ց բե՛-րո՛ղ», «Հաց բե-րո-ղին սպա-նել են», պողոտայի մի կողմով շարժվեցին դեպի Արդարադատության նախարարություն։ Երիտասարդներից մեկը ձեռքին բռնել էր հաց՝ կապված սև ժապավենով։
Գլխավոր դատախազության շենքի մոտ ակցիայի մասնակիցները դադար տվեցին և վանկարկեցին՝ «Հաց բե-րո-ղին սպա-նել են»։
«Սերժի ռեժիմին ծառայող յուրաքանչյուր կառույց համարվում է հանցավոր»,- հայտարարեց երթն առաջնորդող Շահեն Հարությունյանը՝ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին, ապա ցուցարարները շարունակեցին ճանապարհը՝ դեպի նախարարություն։
Այստեղ նրանց դիմավորեց ոստիկանական պատը։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորեց չտանել բախման և նշեց, որ քննությունը կպարզի Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները։ Կարճատև բանակցություններից հետո կրկին հրմշտոց սկսվեց ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև։ Օսիպյանն առաջարկեց խումբ կազմել և գնալ նախարարություն հանդիպման։ Նա միաժամանակ ուշադրություն հրավիրեց ժամի վրա ու հայտարարեց, թե ցուցարարները տանում են բախման։ Սակայն ակցիայի մասնակիցները չհամաձայնեցին՝ պատճառաբանելով, որ յուրաքանչյուրն իր կարծիքն ունի։ Նրանք իրենց հերթին՝ ոստիկաններին մեղադրեցին բախման տանելու մեջ։
«Եթե ոստիկանները հանգիստ կանգնած են, ո՞նց են տանում բախման»,- հակադարձեց Օսիպյանը։
Ակցիայի մասնակիցները փորձեցին դուրս գալ Խորենացի փողոց և հակառակ կողմից մոտենալ ՀՀ Արդարադատության նախարարության շենքին։ Օսիպյանը զգուշացրեց, որ Ոստիկանությունը կարող է օրենքով սահմանված միջոցներ կիրառել։
«Մենք Ոստիկանության դեմ ոչինչ չունենք, մեր բողոքը Սերժ Սարգսյանի և Արդարադատության նախարարության դեմ է»,- ասաց Շահեն Հարությունյանը՝ կոչ անելով ոստիկաններին՝ թույլ տալ իրենց մոտենալ ԱՆ շենք, կատարել իրենց հայտարարությունը և շարունակել երթը։
Օսիպյանը ցավակցություն հայտնեց տեղի ունեցածի կապակցությամբ, սակայն հավելեց, թե հիշատակն այդպես չեն հարգում, և կրկին զգուշացրեց, որ Ոստիկանությունը թույլ չի տա, որ այդ իրավիճակը երկար շարունակվի։ Քննարկելուց հետո ցուցարարներն առաջարկեցին խումբ-խումբ բոլորին թույլ տալ գնալ նախարարության շենքի մոտ, սակայն Օսիպյանը մերժեց։ Շահենի մայրը՝ տիկին Ռուզանը, հայտարարեց, որ, երբ Ռուսաստանում դեպք է տեղի ունենում, թույլ են տալիս ծաղիկներ դնել ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ, իսկ հիմա իրենք ուզում են ի հիշատակ «Հաց բերողի»՝ հաց դնել նախարարության շենքի մոտ։
«Ավտոմատով չեն, հացով են, հացով»,- ասաց մասնակից կանանցից մեկը։
Սակայն Օսիպյանը կրկին մերժեց և հայտարարեց, որ զգացվում է բախման տրամադրվածություն։
Քննարկումներից հետո որոշվեց վաղը ժամը 18։00-ին հավաքվել Ազատության հրապարակում՝ պահանջելով արդարադատության և առողջապահության նախարարների հրաժարականը. «Պահանջում ենք արդարադատության և առողջապահության նախարարների հրաժարականը»։
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող, նրանց հաց հասցրած ազատամարտիկ Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», այսօր մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում, որտեղ նրան երեկ վիրահատել էին: Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին՝ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդության պատճառով, սակայն փետրվարի 9-ին նրան կրկին կալանավորել էին: Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարարել և պահանջում էր փոխել իր խափանման միջոցը` կալանքը: