«Արտագաղթը մեր ամենացավոտ թեման է, և կարելի է այնպես անել, որ մարդիկ չարտագաղթեն». Կարեն Կարապետյան

«Արտագաղթը մեր ամենացավոտ թեման է։ Ավելին, ես որոշ ժամանակ ապրել եմ Հայաստանից դուրս, տեսել եմ այստեղից գնացած մեր հայրենակիցներին, և, հավատացեք, մեծամասնությունն ավելի լավ կենցաղային պայմաններում չեն եղել։ Գնացել են զուտ այն պատճառով, որ վաղվա օրվան քիչ են հավատացել, ասել են՝ լավ, իմը՝ ջհանդամ, գոնե երեխայի համար մի բան ստեղծեմ, որ ինքը վաղը նորից չադապտացվի այլ միջավայրում»,- այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով արտագաղթը կասեցնելու վերաբերյալ ՀՀԿ քայլերի մասին հարցին՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Վարչապետը վստահ է՝ կարելի է այնպես անել, որ մարդիկ չարտագաղթեն, և ընդգծում է, որ իրեն հայ զգացող մարդը որ երկրում էլ ապրի, ուշքն ու միտքը Հայաստանն է.

«Պետք է ուղղակի աշխատատեղ ստեղծենք, տնտեսությունը զարգացնենք, որպեսզի մարդիկ գործ ունենան, աշխատավարձ ստանան, մի քիչ էլ պակաս լինի, քան այնտեղ է, բայց իրենց տնից-տեղից չկտրվեն։ Սա է։ Պետք է հավելյալ արժեք ստեղծել, տնտեսություն զարգացնել, աշխատել»։

Ամփոփելով՝ վարչապետն ասաց, որ ապրիլի 2-ը կարևոր օր է. «Մենք ընտրելու ենք, թե ինչպիսին է լինելու առաջիկա 5 տարին, մենք ընտրելու ենք մեր կառավարիչներին. բոլոր ծրագրերը լսեք, ձեր միջով անցկացրեք։ Մեր ազգի ամենամեծ հատկություններից մեկն ինտուիտիվ վախի զգացումն է, վտանգը զգալն է ու նաև ռացիոնալ լինելն է։ Մենք չափից դուրս կենցաղային ազգ ենք, դա մեկ-մեկ սահմանափակում է մեր ֆանտազիան, բայց դա փրկել է մեզ պատմության ընթացքում։ Ում ծրագիրն իրատեսական է՝ նրան էլ ձայնը տվեք»։

Տեսանյութեր

Լրահոս