«Մարզպետը պետք է ունենա երազանք». վարչապետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր արաբկիրցիների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով համայնքների խոշորացման ու զարգացման ծրագրի վերաբերյալ քաղաքացիներից մեկի հարցին՝ ասաց, որ ունենք մոտ 927 համայնք, համայնքապետերի մակարդակը շատ տարբեր է, և մարզպետների կարգավիճակն էլ, ըստ վարչապետի՝ հստակ չէ.

«Տեղ կա՝ իրավունք ունենք, պարտականություն չունեն, տեղ կա՝ հակառակը։ Տարածքային կառավարման մեջ մեր բարեփոխումները հետևյալն են. յուրաքանչյուր համայնք, մարզ պետք է ունենա զարգացման ծրագիր։ Որևէ մի անգամ զարգացման ծրագիր չենք ունեցել, այլ ունեցել ենք մեթոդաբանություն։ Այդ ծրագիրը գրելու համար պետք է թվայնացնենք ամբողջը։ Թվայնացման դեպքում՝ մենք կգտնենք բոլոր սխալները, թերհաշվարկները»։

Ըստ վարչապետի՝ մարզպետը պետք է ունենա երազանք, պետք է պատկերացնի՝ ինքը ինչ տարածք, մարզ է ուզում ստանալ.

«Երբ թվայնացնում ենք, չեք պատկերացնի՝ ինչքան տարբերություն ենք գտնում։ Օրինակ՝ Վայոց Ձորի ընտանիքի մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը մի քանի անգամ ավելի է, քան Արարատի մարզում, այն դեպքում, երբ Արարատի մարզում կյանքը վատը չէ, քան Վայոց Ձորինը։ Մենք ստեղծելու ենք մրցակցային դաշտ, որպեսզի ձեր համայնքի ղեկավարին ասեք՝ եղբայր, ո՞նց է կողքի համայնքում միջին աշխատավարձը, զբաղվածությունը, գործազրկությունն այսքան, ինչո՞վ ենք մենք տարբերվում»։

Վարչապետն ընդգծեց, որ Ջրային պետական կոմիտեն ամեն տարի ջրամատակարարման համար ծախս է անում, բայց մարզերում տարբեր խնդիրներ են առաջանում.

«Որ թվայնացնենք, օպտիմիզիացիայի ինչքա՜ն շերտ ենք գտնելու։ Իսկ եթե լավ կառավարիչներ էլ դնենք, ապա համայնքները կզարգանան»։

Տեսանյութեր

Լրահոս