«Արցախի հարցում պետք է դրսևորենք այնպիսի ռազմավարություն, որ մեր արժանապատվությունը, մեր ինքնասիրությունը չտուժի». Կարեն Կարապետյան

ՀՀԿ նախընտրական քարոզարշավի շրջանակներում վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպեց Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ։

Հանդիպումը կազմակերպված էր հարցուպատասխանի ֆորմատով։ ՀՀԿ կարգախոսի և, ըստ այդմ՝ տարածաշրջանային անվտանգության, Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ ներկաներից մեկի հարցադրմանն ի պատասխան՝ Կ. Կարապետյանն ասաց, որ իրենց ծրագրում անվտանգության խնդիրն ընդգծված է.

«Անկախ նրանից՝ համակրո՞ւմ են ՀՀԿ-ին, թե՞ ոչ, մեր քաղաքացիներից շատերը կարող են համոզված լինել, որ Արցախի վերաբերյալ, մեր արժանապատվության վերաբերյալ մենք շատ հստակ ենք ձևակերպել մեր նպատակները, քաղաքականությունը։ Խնդիրը շատ պարզ է. մենք պետք է ունենանք մարտունակ, ուժեղ և խելոք բանակ, որպեսզի ցանկություն չլինի՝ զինված տարբերակով այդ խնդիրը լուծել։ Եթե հասնենք բանակցային փուլին, պետք է դրսևորենք այնպիսի ռազմավարություն, որի ժամանակ մեր արժանապատվությունը, մեր ինքնասիրությունը, մեր վաղվա օրը չտուժի։ Եթե նման հնարավորություն լինի, կարո՞ղ ենք ռացիոնալ բանակցել, որպեսզի շրջանցենք ռազմական տարբերակով լուծումը, կարծում եմ՝ այո»։

Ներկաներից մեկն էլ հետաքրքրվեց առողջապահության ոլորտում կատարվելիք բարեփոխումների մասին։

«Առողջապահության նախարարությունում մենք այսօր ունենք թիմ, որին վստահում ենք՝ որպես բարեփոխիչներ և որպես բարեխիղճ և ոչ կաշառակեր մարդիկ։ Երկրորդ՝ բոլոր այն միջոցները, որոնք պետությունը տրամադրում է, դրանց ծախսումը պետք է լինի մաքսիմալ թափանցիկ, լիբերալ և բաց։ Երրորդ՝ պետպատվերը շատ դեպքերում կատարվում է և միջամտում մրցունակ դաշտում՝ խախտելով բալանսը։ Ի՞՚նչ նկատի ունեմ. եթե մենք պետպատվերը տալիս ենք մոտիկին, ծանոթին և չենք տալիս անծանոթին, և՛ մոտիկի, ծանոթի մոտ է մոտիվացիան պակասում՝ ներդրում անել, ծառայության որակը բարձրացնել, և՛ նրա, ում չենք տալիս։ Այդ իսկ պատճառով՝ մեր քաղաքացին ինքը պետք է ընտրի՝ որ կլինիկայում է բուժվելու, ու դրանից ելնելով՝ մենք վճարելու ենք այդ կլինիկային»։

Միևնույն ժամանակ՝ նա նշեց, որ առողջապահության ոլորտի բարեփոխումներն արդեն սկսել են.

«Սոցապում ու առողջապահությունում բավականին միջոցներ ենք տնտեսել, որ ուղղված էր որոշակի գործառույթների համար և ծախսվում էր ոչ էֆեկտիվ։ Մենք կտնտեսենք գումար ու չենք պակասեցնի այն գործառույթները, որոնք պետք է անենք»։

Տեսանյութեր

Լրահոս