«ԱԺ պատգամավորների 70-80%-ը ո՛չ «գվվում» են, ո՛չ «բվվում» են». Արթուր Բաղդասարյան
«Հայկական Վերածնունդ» (նախկին «Օրինաց Երկիր») կուսակցության նախագահ, կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպեց Երևան քաղաքի Զեյթուն համայնքի բնակիչների հետ։
Բաղդասարյանը նկատեց՝ որպեսզի ազգը լավ տրամադրություն ունենա, մարդիկ պետք է բարեկեցիկ կյանքով ապրեն, ապա ներկաներից հետաքրքրվեց, թե ովքե՞ր են փոփոխություններ ուզում իրենց կյանքում. ներկաներից բոլորը ձեռք բարձրացրին՝ ի նշան այն բանի, որ ցանկանում են փոփոխություններ։
Բաղդասարյանի հաջորդ հարցն ընտրակաշառքների մասին էր։ Նա հետաքրքրվեց, թե արդյոք Զեյթունում գումար բաժանելու համար ցուցակագրում անո՞ւմ են, թե՞ ոչ։ Հավաքվածներն արձագանքեցին, որ ցուցակագրում կատարվում է։
«Իհարկե, կարող են փորձել ընտրարշավից առաջ գնել մարդկանց քվեները և անել այն, ինչ ուզում են»,- նկատեց Բաղդասարյանը՝ հավելելով, որ Հայաստանը դժվարին վիճակում է գտնվում։
Նրա խոսքով՝ եթե ապրիլի 3-ին Հայաստանում փոփոխություն չլինի, ապա արագաչափերի համար ոչ թե 2 միլիոն, այլ 4 միլիոն ակտ կգրեն մեկ տարում.
«Մեր երկրին փոփոխություն է պետք, բայց ինչպե՞ս կարելի է դա անել՝ առանց ձեզ։ Մենք ինքներս պետք է փոխվենք, պայքարենք այդ փոփոխության համար։ Մարդը պետք է հասկանա, որ իր ձայնից բան է կախված, և կատարի այնպիսի քվեարկություն, որ Հայաստանում փոփոխություն տեղի ունենա։ Եթե ապրիլի 3-ին ունենանք «պուզատիների», փողատերերի ընտրություն, մենք կունենանք նմանատիպ խորհրդարան։ Կունենանք գրագետ մարդիկ՝ կունենանք գրագետ խորհրդարան։ Նրա ստեղծած օրենքներն էլ կստեղծեն օրենքներ, որոնք ոչ թե կպաշտպանեն, այլ կոտնահարեն ձեր շահերը: Ինչ ցանենք՝ այն էլ հնձելու ենք»։
Ա. Բաղդասարյանը նշեց, որ ԱԺ պատգամավորների 70-80%-ը ո՛չ «գվվում» են, ո՛չ «բվվում» են. «Բայց այդ մարդիկ նորից գալիս են, փող են բաժանում ու դառնում պատգամավոր։ Բա հետո ո՞նց ենք ուզում ասենք՝ լավ ենք ապրելու»։