Կարեն Կարապետյանը ներկայացրեց Հայաստանում սպառողների համար գազի սակագնի ձևավորման տրամաբանությունը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազման հնարավորությանը: Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Նորք Մարաշ վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ ինքը չի պատկերացնում որևէ կառավարիչ, ով հնարավորություն կունենա նվազեցնել բնակչությանը մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի սակագները ու շահագրգռված չի լինի գնալ այդ քայլին: «Դուք չեք կարող բերել փաստարկ, որ մենք դա չուզենանք: Ո՞րն է տրամաբանությունը, եթե մենք ունենք հնարավորություն նվազեցնել սակագները, բայց չենք անում: Բոլոր մնացած փաստարկները, կարծում եմ, շատ դեպքերում պոպուլիստական են ու ոչ իրատեսական»,­ «Արմենպրես»­ի հաղորդմամբ` նշեց Կարապետյանը:

ՀՀ վարչապետը բացատրեց ՀՀ սպառողների համար գազի գնի ձևավորման տրամաբանությունը: «Տրամաբանությունը հետևյալն է` սահմանի վրա գազի գին, հաստատուն ծախսեր, որոնք անհրաժեշտ են Հայաստանի տարածքում և այդ հաստատուն ծախսերի համար շահութաբերության տրամաբանական նորմա, որպեսզի գազ մատակարարող ընկերությունը կարողանա սպասարկում իրականացնել, ներդրումներ անել և այլն: Այն ծախսերը, որ այսօր բնակչությանը գազ մատակարարող ընկերությունը կատարում է, նախատեսված են շատ ավելի մեծ ցանցի համար: Եթե վաղը մենք կարողանանք մեր տնտեսությունը զարգացնել և գազի սպառումը Հայաստանի Հանրապետությունում աճի, ապա գազի 1 խորանարդ մետրի վրա գազի մեկ միավոր ծախսը կնվազի»,­- մանրամասնեց վարչապետը:

Կարեն Կարապետյանը նշեց, որ իրենք ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներին առաջարկել ու առաջարկում են, որպեսզի նրանք հանդիպեն համապատասխան ընկերությունների ղեկավարների հետ և խոսեն գազի գնի նվազեցման մասին. «Եթե որևիցե մեկը, որևիցե քաղաքական ուժ կամ տնտեսագետ, գիտի ինչպես կարելի է այսօր գազի կամ հոսանքի կիլովատի գինը նվազեցնել, թող այդ գաղտնիքը չպահի, հանդիպի այդ ընկերությունների հետ դա ցույց տա, ապացուցի, և եթե մենք չկիրառենք, այդ ժամանակ կարող է մեզ համապատասխան պահանջ ներկայացնել։ Տրամաբանություն չկա, որ մենք շանս ունենք գազի գինն իջեցնելու և չենք իջեցնում։ Եթե ինչ­որ մեկը գիտի դրա լուծումը, թող հրապարակավ ասի»։

Նա հավելեց, որ այդ իսկ պատճառով ժամանակին շատ կարևոր որոշում է կայացվել գազաֆիկացման վերաբերյալ: Նա նկատեց, որ Հայաստանի տարածքի 94-­96 տոկոսը գազաֆիկացված է: «Երկիրը, որը գազ չունի, երազում է իր տարածքի 30-­38 տոկոսը գազաֆիկացնելու մասին, սակայն մենք նման որոշում կայացրեցինք, որպեսզի շուկան մեծացնենք և, օրինակ, 2 միլիարդ խորանարդ մետր գազի փոխարեն վաճառենք 4 միլիարդ խորանարդ մետր գազ, հետևաբար մեկ խորանարդ մետր գազի վրա հաստատուն ծախսը երկու անգամ կնվազի»,-­ եզրափակեց վարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս