«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ 2018-ին անցկացնենք ուղիղ նախագահական ընտրություններ». Լևոն Զուրաբյան
Այսօր Երևանի Էրեբունի թաղամասում՝ Ազատամարտիկների փողոցում, Կոնգրես-ՀԺԿ դաշինքը նախընտրական շտաբ բացեց, այնուհետև դաշինքի ներկայացուցիչները շրջեցին համայնքի փողոցներով` զրուցելով քաղաքացիների հետ և բաժանելով նախընտրական բուկլետներ: ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբանը հայտարարեց, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ընդդիմախոսներն անակնկալի են եկել դաշինքի խաղաղության ծրագրից, որովհետև չգիտեին, թե ինչի շուրջ խոսեն.
«Հիմա նոր զարգացում եղավ, բոլոր ուժերը` և՛ իշխանությունը, և՛ մյուսները սկսել են խոսել խաղաղության մասին: Եթե փոխզիջումն անեծքի նման բան էր համարվում նախկինում, հիմա բոլորն ասում են` իսկ ի՞նչ է, մենք խաղաղություն չե՞նք ուզում: Սա նշանակում է, որ հակառակորդ ուժերը հասկացան, որ ժողովրդին հետաքրքրող հարցը սա է: Եվ ուրեմն, հետ չմնալու համար բոլորը խոսում են խաղաղության մասին: Բայց իրենց ասածները խաղաղության մասին բաժակաճառ է»:
Ըստ նրա` դաշինքն ասում է, որ խաղաղությունը միայն ցանկություն չէ, այն դիվանագիտական ծրագիր է, որն այսօր դրված է Մինսկի խմբի համանախագահների կողմից բանակցությունների սեղանին. «Այդ ծրագիրը մենք պետք է իրագործենք և դրանով շատ հարցեր ենք լուծում` դիվանագիտական, հետո նաև Ադրբեջանին ենք բերելու բանակցային սեղան, հետո ստորագրելու ենք խաղաղության պայմանագիր, բացելու ենք բոլոր ճանապարհները և օգտագործելու ենք երկրի զարգացման համար»:
Լ.Զուրաբյանը նշեց, որ իրենց հակառակորդները ժողովրդի մեջ փորձում են տարածել, թե դաշինքը խոսում է Ղարաբաղը տալու մասին, սակայն իրենց ասածն այն է, որ 1998-ից սկսած իշխանության քաղաքականությունն է Ղարաբաղ տալու ճանապարհը, իսկ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը գիտի, թե որն է Ղարաղաբը պահելու ճանապարհը, և ուզում են այն իրականացնել: «Մեզանից խլել են նախագահ ընտրելու իրավունքը»,- ասաց
Լ.Զուրաբյանը` նշելով, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների նպատակներից մեկն էլ այն էր, որ, եթե նախագահական ընտրություններ չեն լինում, ժողովուրդը չի ակտիվանում, չի գնում լուրջ պայքարի. «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ 2018-ին անցկացնենք ուղիղ նախագահական ընտրություններ»: