Մեկնարկում է «Ֆրանկոֆոնիայի տասնհինգ օրերը»
Մարտի 20-ը Ֆրանկաֆոնիայի միջազգային օրն է, որին ընդառաջ՝ այսօր ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը հրավիրված մամուլի ասուլիսով ազդարարվեց մարտի 15-30-ը «Ֆրանկոֆոնիայի տասնհինգ օրերը» տոնական միջոցառումների շարքի մեկնարկը:
Ասուլիսին մասնակցում էին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն և մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլան:
Դեսպանը նկատում է՝ Հայաստանը, լինելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ, ստանձնել է հանձնառություն՝ փորձելով աշխարհով մեկ ընթացող գլոբալիզացման միալեզու տարբերակին առաջարկել երկընտրանք՝ ֆրանսերեն լեզվի խթանումը.
«Բացի կազմակերպությանն անդամակցելուց, Հայաստանը, հայկական իշխանությունները ցուցաբերել են մեկ այլ կարևոր պատասխանատվություն՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների գագաթաժողովը 2018 թվականին կազմակերպվելու է այստեղ: Ես ապավինում եմ հայաստանյան իշխանությունների ստանձնած հանձնառությանը, լիահույս եմ դրա հաջող կազմակերպման գործում: Նման որոշում կայացնելով՝ հայաստանյան իշխանությունները ստանձնել են նաև ֆրանսերեն լեզվի խթանման գործընթացը»:
«Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն (ՖՄԿ ) իր շուրջն է համախմբել թվով 84 երկիր, մոլորակի 274 մլն մարդ խոսում է ֆրանսերեն լեզվով: Մեզ հետ միասին՝ նախաձեռնությանը միացել են թվով 5 դիվանագիտական կազմակերպություններ՝ Շվեյցարիան, Կանադան (դեսպանատունը՝ Մոսկվա), Հունաստանը, Լիտվան և Լիբանանը; Ընդհանուր հաշվարկով՝ 2012-ից Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ Հայաստանի հետ միասին՝ տոնական միջոցառումներին մասնակցում է յոթ երկիր: Միջոցառումների շարքը նախատեսված է ողջ երկրում և անցկացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հովանու ներքո»,- ասաց Շարպանտիեն:
Անդրադառնալով «Ֆրանկոֆոնիայի տասնհինգ օրերը» տոնական միջոցառումների շրջանակներում երրորդ տարին անընդմեջ Հայաստանում անցկացվող «Ֆրանսիայի համը» խոհարարական միջոցառմանը՝ պարոն Շարպանտիեն նկատում է՝ այն բարի ավանդույթ է դարձել, և դրա պատճառներից մեկն էլ երկու երկրների մոտ խոհարարական ավանդույթների որոշակի նմանություններն են.
«Ֆրանսիական խոհարարության» տոնը նշելու համար այս տարի համախմբվել են 5 մայրացամաքի շուրջ 2000 ավագ խոհարարներ: Երևանում միջոցառմանը կմասնակցի 6 ռեստորան՝ առաջարկելով ֆրանսիական որակյալ ճաշացանկ: Խորհուրդ եմ տալիս օգտվել ընձեռված հնարավորությունից: Ֆրանսիական խոհանոցից անձնական նախընտրություններիս մեջ են մտնում այնպիսի կերակրատեսակներ, որոնց հիմքում բադի միսն է, իսկ հայկական խոհանոցից նախընտրում եմ թանապուրը»:
Դեսպանատան մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլան անդրադառնալով առաջիկա միջոցառումներին՝ տեղեկացրեց, որ ծրագրում ընդգրկված են մշակութային բազմազան ոլորտներ՝ կինո, հրատարակչություն, խոհանոց, երաժշտություն, թատերարվեստ: Տարվա առանցքային թեմա է ընտրվել նորագույն և թվային տեխնոլոգիաները: Թեմային նվիրված հինգ միջոցառում է անցկացվելու՝ էլ-համբավին նվիրված համաժողով, «Թվային գրքի տարածման հեռանկարները Հայաստանում և Ֆրանսիայում» թեմայով կլոր-սեղան, համացանցի բառապաշարին նվիրված ֆրանսերեն լեզվի մրցույթ, թվային նորարարությանը նվիրված տնտեսական հանդիպում, սմարթֆոնների համերգ:
Անդրադառնալով ՌԴ-ում Կանադայի դեսպանատան հետ համատեղ Ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնին՝ տեղեկացվեց, որ այն կմեկնարկի «Մոսկվա» կինոթատրոնում՝ մարտի 20-26-ը, ներառելով 2012-16 թվականներին նկարահանած 8 ֆիլմ: Փառատոնը կբացվի «Ի՞նչ ենք արել տեր Աստծուն» կատակերգությամբ և կամփոփվի աշխարհահռչակ ֆրանսիացի դիզայներ Իվ Սեն Լորանին նվիրված վավերագրական ֆիլմով: