«Հայաստանի ընդերքը հարստահարվում ու բռնաբարվում է». Արթուր Բաղդասարյան

Ես իմ ընտրողներին երբեք հուսախաբ չեմ արել ու չեմ էլ անելու: Այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց թիվ 3 ընտրական տարածքում ՀՎԿ-ի թեկնածու, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Իր խոսքում նա նշեց, որ սկզբում հայտարարվել էր, թե դահլիճային հանդիպում է լինելու, և դա է պատճառը, որ մարդկանց թիվն այս հանդիպմանը շատ չէ: «Այստեղ ասեղ գցելու տեղ չէր լինի»,- նկատեց նա:

«Հայկական Վերածնունդ» (նախկին «Օրինաց Երկիր») կուսակցության նախագահ, կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանն էլ իր ելույթում նշեց, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքում ունեն մրցունակ թիմ, և մրցունակությունն ապացուցվել է նախորդ բոլոր ընտրություններում. «Մեր հավաքած քվեները դրա վառ առհավատչյան են»:

Նրա խոսքով՝ հիմա Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ համայնքները միավորվել են, ու այդ տարածքներում շատ լավ են ճանաչում Հեղինե Բիշարյանին. «Չմոռանանք, որ Հեղինե Բիշարյանը 20 տարի աշխատել է՝ որպես ուսուցչուհի, Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 191 դպրոցում: Չկա մի հարց, որ հուզի ժողովրդին, և ԱԺ-ում Հեղինե Բիշարյանը չխոսի դրա մասին»:

Բաղդասարյանը դիմեց հանդիպմանը ներկա կանանց՝ կոչ անելով միավորվել և աջակցել Բիշարյանին. «Ուժեղ, մոտիվացված կինը շատ լուրջ քաղաքականության մեջ իսկապես կարող է դերակատարում ունենալ: Դիմում եմ նաև տղամարդկանց, որ ակտիվորեն մասնակցեն այս քարոզարշավին և քվեարկեն Հայաստանում փոփոխությունների օգտին»:

ՀՎԿ նախագահը ներկաներին կոչ արեց այնպես անել, որ ապրիլի 3-ին նորից չասեն՝ այս երկիրը երկիր չէ. «Ձեր քվեն պետք է փոխի Հայաստանում կարծրացած այս մթնոլորտը»:

Բաղդասարյանը նկատեց՝ Հայաստանի ընդերքը հարստահարվում ու բռնաբարվում է.

«Պետք է արգելենք, որ օֆշորներում գրանցված կազմակերպությունները դառնան ՀՀ ընդերքի տերերը: 1 տոննա մոլիբդենի համար այսօր 600 դրամ հարկ են վճարում. կլինի՞ նման բան»:

Տեսանյութեր

Լրահոս