«Ձեզ տալու են մեծ խոստումներ, խոստանալու են պայծառ ապագա, բայց եկեք զանազանենք իրականը՝ անիրականից». Արմեն Ամիրյան
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր Երևանի Ավան վարչական շրջանում կազմակերպված ՀՀԿ քարոզարշավի ժամանակ խորհուրդ տվեց ներկաներին՝ կատարել ճիշտ ու գիտակցված ընտրություն՝ զանազանելով իրականը՝ անիրականից.
«Ձեզ տալու են մեծ խոստումներ, խոստանալու են պայծառ ապագա, բայց ուզում եմ հորդորել, որ, ժողովրդական լեզվով ասած՝ հայի վերջին խելքով մենք կարողանանք ծանրութեթև անենքաև զանազանենք իրականը՝ անիրականից: Մեր թշնամին կացին չունի, եկեք չվախենանք, եկեք միասնաբար կարողանանք կառուցել մեր անվտանգ հայրենիքը: Մենք մեր հայրենիքը թողած՝ գնում ենք մեր բախտի հետևից: Մեր ֆանտաստիկ կառուցելու ունակությամբ պետք է կարողանանք կառուցել մեր անվտանգ և դեպի առաջ գնացող հայրենիքը»:
Նա նշեց, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կարողացել են ուսումնասիրել մեր տնտեսության վիճակը, գնահատել, նախանշել առարկայական ծրագրեր, որոնց հետևում կանգնած են ներդրումներ, աշխատատեղեր, հավելյալ արժեք. «Կոնկրետ մշակույթի բնագավառից բերեմ մի քանի օրինակներ՝ այս տարի ստեղծելու ենք նոր տիպի թանգարաններ, մասնավորապես՝ Երևանում տիկնիկների թանգարան, 360 աստիճան վիրտուալ թանգարան, որը կերպարվեստի մեր բացառիկ նմուշների ցուցադրությունն է 360 աստիճանով և հայ դասական երաժշտության նմուշների ուղեկցությամբ: Այս թանգարանների հետևում կան շատ հստակ ներդրումներ, հստակ գումարներ, որոնք ստեղծելու են շատ հստակ աշխատատեղեր մեր համաքաղաքացիների համար»:
Ամիրյանը նկատեց՝ խոսում ենք կապիտալիզացիայից, և տարատեսակ մեկնաբանությունների առիթ է տալիս դա, ապա պարզաբանեց՝ կապիտալիզացիա՝ նշանակում է՝ մեր արվեստի արժևորումը, առաջին հերթին՝ ՀՀ քաղաքացու համար. «Մեզ թվում է՝ ամբողջ աշխարհում մեզ ճանաչում են, դա այդքան էլ այդպես չէ: Մենք պետք է ճանաչելի դառնանք աշխարհին առաջին հերթին՝ հենց մեր արվեստով: Իսկ ճանաչելի դառնալը նշանակում է՝ հավելյալ արժեք՝ զբոսաշրջության հսկայական ներհոսք դեպի Հայաստան, և այդ հավելյալ արժեքը նշանակում է՝ նաև հավելյալ աշխատատեղեր: Կինոյի մասին օրենքն ընդունեցին, ըստ որի՝ արտասահմանյան կինոարտադրողները կարող են իրենց ներդրումների 20%-ը հետ ստանալ, ինչը բավականին շահագրգռող մեթոդ է դրսից ներդրումներ ապահովելու համար: Մենք ամեն ինչ հաշվառել ենք, և Հայաստանը կարող է դառնալ շատ լավ վայր կինոնկարահանումների համար»: