«Ասել եմ՝ հավասարաչափ բոլորին կտանեք, թե չէ՝ մենք այլ միջոցների կդիմենք». Սեյրան Օհանյանը՝ Ջրառատի դեպքի մասին

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակը գլխավորող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր Երևանի վետերանների միությունում կազմակերպված նախընտրական քարոզարշավից հետո լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ Ջրառատում ի՞նչ է տեղի ունեցել, ասաց, որ Ջրառատի դեպքի հետ կապված հայտարարության մեջ ասված է ամեն ինչ.

«Անընդունելի է, երբ հանրահավաքների ժամանակ փորձում են մարդկանց չթողնել կամ վիրավորել, որպեսզի գան-մասնակցեն հանրահավաքի: Դրանից ելնելով՝ իմ թիմակիցների հետ միջադեպ է եղել, այդ կռվից հետո նաև փորձել են զենք կիրառել, բայց իմ թիմակիցների հմուտ գործողություններով այդ զենքը ձեռքից վերցվել է, հանձնվել իրավապահ մարմիններին: Հիմա իրավապահ մարմիններն օրենքի շրջանակներում աշխատում են, և ես հորդորել եմ, որ այդպես չի կարելի. երբ տեղի է ունենում միջադեպ, միայն մեկ կողմի մարդկանց են ձերբակալում, ասել եմ՝ հավասարաչափ բոլորին կտանեք, թե չէ՝ մենք այլ միջոցների կդիմենք: Օրինական միջոցների մասին է խոսքը»:

Հարցին՝ պատահակա՞ն էր, որ Լևոն Երանոսյանի եղբայրն էր եղել, որն ըստ մամուլի՝ հիմա սալջարդով հիվանդանոցում է, նա այսպես պատասխանեց. «Դրա մասին դուք գիտեք»:

Լրագրողները խնդրեցին հստակեցնել՝ բուն միջադեպի պատճառը ո՞րն էր:

«Բուն միջադեպի պատճառը, չնայած փորձում են ներկայացնել, ասել՝ հնուց եկած խնդիրներ կան, այսինքն՝ ես այսպես եմ հասկանում՝ ընտրություններ, միջանձնային հարաբերություններ: Բուն միջադեպի պատճառը մեր հանրահավաքում գտնվող մարդկանց թույլ չտալն է, որ մասնակցեն, ու վիրավորել, հայհոյանք տալն է: Իսկ հայհոյանք տվողին Հայաստանում ի՞նչ են անում. պատժում են: Կրակոց եղել է, իսկ մնացած հարցերը՝ իրավապահներին»:

Իսկ միջադեպի հեղինակներին Սեյրան Օհանյանի ուղերձը մեկն է. «Քարոզարշավը քաղաքակիրթ, բարեկիրթ ձևով տանել, օրենքներ չխախտել, փորձել մեկը մյուսին չվիրավորել, այդ ամենը չտեղափոխել կենցաղային մակարդակի, բակային, ասֆալտային մակարդակի, միջանձնային հարաբերությունների: Մենք ոչ մեկին չենք վիրավորում, բոլոր քաղաքական ուժերն էլ մեզ համար առողջ մրցակիցներ են, մեր հայրենակիցներն են»:

Տեսանյութեր

Լրահոս