«Եկեք փող տանք, թող այդ մարդիկ էլ սահմանը պահեն». Արթուր Բաղդասարյան

«Բանկերի վարկերի տոկոսները պետք է կտրուկ նվազեն, հատկապես գյուղատնտեսության ոլորտում: Կարկուտը գալիս է՝ գյուղացին մնում է անտեր, մենք պետք է ապահովագրենք գյուղատնտեսությունը: Բանկը պետք է նպաստի երկրում տնտեսության աշխուժացմանը, պետությունը պետք է աջակցի գյուղատնտեսության, արդյունաբերության ոլրտին տրվող վարկերին»,- այսօր Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչների հետ ժամանակ այս մասին ասաց «Հայկական վերածնունդ» (նախկին «Օրինաց Երկիր») կուսակցության նախագահ, կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը:

Նա նկատեց. «Այսօր Հայաստանում եթե մարդը փող չունի, կյանքում չի կարող տան տեր դառնալ, եթե փող չունես, չեն վիրահատում, կյանքից էլ ես զրկվում: Մենք առաջարկում ենք բերփոխել այս ոլորտները»:

Բաղդասարյանի խոսքով՝ երբ գան իշխանության, արտոնյալ պայմաններ կստեղծեն նաև ՓՄՁ-ների համար, Հայաստանն անցում կկատարի պրոֆեսիոնալ բանակի. «Մեր քաղաքական թիմի հաղթանակը նշանակում է այս համակարգի ներդրումը համակարգում: Ապրիլյան պատերազմում ինչքան 18 տարեկան երեխեք զոհվեցին, այսօր ինչքան տղամարդիկ կան, որ ինչ-որ առիթի դեպքում առանց գումարի գնում են սահման: Եկեք փող տանք, թող այդ մարդիկ էլ սահմանը պահեն»:

Նա նշեց, որ տարբեր խնդիրների լուծման համար առաջարկում են 30 քայլ, որոնք, ըստ Բաղդասարյանի՝ կփոխեն Հայաստանը, կբերեն օրենք ու արդարություն Հայաստանում. «Հայաստանում այսօր արդարության սով կա»:

Դիմելով Մասիսիցիներին, ասաց, որ հանրությունից շատ բան է կախված. «Եթե ձեր ձայնը կարևոր չի, ինչո՞ւ են գալիս ձեզ խնդրում, ինչո՞ւ են բոլոր թեկնածուները այցելում ձեզ: Ձեր ձայնը կարևոր է, դրա համար կատարեք գիտակցված ընտրություն: Երկիրը պետք է կառավարեն գրագետ, պատրաստված, ասելիք ունեցող մարդիկ: Դրա համար հորդորում ենք, որ ակտիվ մասնակցեք ընտրություններին, և բացատրեք ձեր հարևաններին ու բարեկամներին, որ մարտնչող տգիտությունից սարսափելի բան՝ չկա, առավել ևս եթե մարտնչող տգիտությունը հավակնում է ինչ-որ բարձունքներ նվաճել»:

Տեսանյութեր

Լրահոս