ՕՐՕ-ի խոստումներն ու մարդկանց կորսված հույսը
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը երեկ քարոզարշավ իրականացրեց Կոտայքի մարզում՝ Հրազդան, Չարենցավան, Նոր Հաճըն և Աբովյան քաղաքներում։ Դաշինքի առաջնորդներին դիմավորում էին աղուհացով, սակայն հանդիպումներն աչքի չէին ընկնում բազմամարդությամբ, առավել ևս՝ քաղաքացիների ոգևորությամբ։ Նկատելի էր քաղաքացիների առանձնահատուկ վերաբերմունքը դաշինքի ցուցակը գլխավորող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հանդեպ, նրան ջերմ ողջունում էին հատկապես նախկին ազատամարտիկները։
Դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ չպետք է թույլ տան, որ Աստծո կողմից տրված ընտրելու իրավունքը որևէ մեկը սեփականաշնորհի։ Նա կոչ արեց կտրականապես «ոչ» ասել փողով ձայն գնողներին:
Դաշինքի անդամ, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը նշեց, որ իրենք խոսում են խնդիրների մասին և առաջարկում են լուծումներ, խոսեց իր պաշտոնավարման տարիների ձեռքբերումներից: Ըստ նրա` փոփոխությունները պետք է լինեն այսօրվա համար. «Ժողովուրդը պետք է զգա, որ նոր իշխանության դեպքում հեռակա խնդիրներին էլ է լուծում տրվելու»: Նա վստահեցնում էր, որ ընտրություններով հնարավոր է իշխանություն փոխել:
Սեյրան Օհանյանի խոսքով` անցած 25 տարիների ընթացքում իշխանությունը շատ քիչ է եղել ժողովրդի ձեռքին. «Մենք ձեզ հետ ենք, որովհետև ուզում ենք ժողովրդի դառնությունների, դաժանությունների բաժակը միասին ըմպենք»: Նա խոսեց ՀՀ բանակի ձեռքբերումների, Վրաստանի բարեփոխումների մասին և հայտարարեց, որ Հայաստանին կտրուկ փոփոխություններ են անհրաժեշտ:
«Ես այսօր պատրաստ եմ առաջնորդելու կտրուկ և կոշտ բարեփոխումները Հայաստանում»,- ասաց Օհանյանը:
Ռեժիսոր Սարգիս Միքայելյանն Աբովյանի բնակիչներին կոչ արեց ապրիլի 2-ին ընտրել 8 համարը։ «Ինչո՞ւ եմ ես այստեղ, այս դաշինքի կողքին: Նախ` Երևանում մտավորականությունը չգիտեր՝ ում կողմը գնար: Բոլորը միանշանակ դեմ էին, որ ՀՀԿ-ի կողմը գնան, երբ ես առաջարկեցի այս դաշինքը, մարտական ընկերներիցս մեկն ասաց, թե՝ Սեյրան, Րաֆֆի, Վարդան, այդ երեքից ոչ մեկի կողքին կանգնելուց ինքը չի ամաչի»,- ասաց նա:
«Ի՞նչ արեց Սեյրանը, ի՞նչ արեց Րաֆֆին, ի՞նչ արեց Վարդանը»,- հարցադրում հնչեցրեց Աբովյանում դաշինքի ռեյտինգային թեկնածու Անդրանիկ Գրիգորյանը և ինքն էլ պատասխանեց` Սեյրանը ջախջախիչ հարված է հասցրել կոռուպցիային բանակում, Վարդանը կոմպլեմենտար քաղաքականություն է իրականացրել և մեկ գիշերում Հայաստանը չի մտցրել ԵՏՄ, Րաֆֆին պայքարել է և «կեսից զադնի» չի տվել:
Չնայած դաշինքի անդամների ոգևորությանն ու վստահությանը, թե իրենց շարժումը թափ է հավաքում, հանդիպումներին ներկա քաղաքացիների շարքերում հաճախ Սեյրան Օհանյանին ուղղված կշտամբանք էր լսվում՝ «անո՞ղ էիր, պաշտոնիդ եղած ժամանակ ինչի՞ չէիր անում», «քննադատո՞ղ էիր, էն ժամանակ քննադատեիր»։
Եթե «Գտնված երազում» պապին քունն էր կորցրել, Հայաստանում մարդիկ հույսն են կորցրել։
«168 Ժամի» հետ զրույցում քաղաքացիներից շատերը վստահություն հայտնեցին, որ ընտրությունների միջոցով հնարավոր չէ հասնել իշխանափոխության: Մարդկանց առաջին պահանջը բոլոր քաղաքական ուժերից աշխատատեղերն են: Հրազդանցի թոշակառու Ռազմիկ Ափյանը դժգոհեց աշխատատեղերի բացակայությունից. «ՀՀԿ-ն խոստումներ ա տալիս, բայց ո՞նց հավատամ էդ խոստումներին,- ասաց Ափյանն ու ծոցագրպանից հանելով ՕՐՕ-ի բուկլետը՝ շարունակեց,- Լավ բան է գրած, բայց կկատարվի՞, թե՞ չէ: Չենք հավատում էս գրածներին, խաբում են»:
Ժորա Հովհաննիսյանը կատակեց, թե կլսեն ՕՐՕ ղեկավարներին ու կգնան երեկոյան հնդկական սերիալներ կնայեն. «Պարապ ենք, ի՞նչ անենք»:
Հրապարակներում կանայք խիստ սակավաթիվ էին: Միջին տարիքի տիկին Հերմինեն մեզ հետ զրույցում նշեց, որ բոլոր ուժերին լսում են, տեսնեն` ում ընտրեն: «Լսում ես, բայց զգում ես` փուչ խոսքեր են: Ասում են, անցնում ա մի ժամանակ, թեկուզ, թեկուզ հենց իրանք անցնեն (գլխով ցույց տվեց ՕՐՕ-ի կողմը.- Գ.Խ.), ոչ մի բան չի կատարվում: Հրազդանում 7-8 գործարան կա, ոչ մեկը չի աշխատում, գնում-հասնում ենք Երևան, որ աշխատենք»: Հավաքված կանայք վստահ հայտարարեցին, որ ընտրությունները կեղծվելու են:
«Ում հարցնես, կասեն՝ անցնելու ա Հանրապետականն ու «Բարգավաճ Հայաստանը»: Մարդկանց վախացնում են, ասում են` կամ կընտրես ՀՀԿ-ին, կամ գործից կազատվես: Բոլոր պետական կառույցներում նույնն է: Քույրս հիվանդանոցում է, ինքը ՀՀԿ չի ուզում լինի, բայց ասում են, որ ՀՀԿ-ից դուրս գաս՝ կհեռացնեն գործից: Ոչ մի բան էլ չի փոխվում, դրա համար էլ հույսդ կտրում ես»,- ասաց տիկին Հերմինեն: