Պահքը պայքար է ոչ թե ընդդեմ, այլ՝ հանուն
Մեծ Պահքի շրջանը, որը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոն, այս տարի սկսվել է փետրվարի 27-ին։ Ինչի՞ մասին խորհել այս ընթացքում, ո՞րն է նրա խորհուրդը։ Այս մասին զրուցեցինք Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանի դասախոս Արշավիր Գաբուջյանի հետ։
-Պահքը կռի՞վ է ինքդ քեզ հետ, թե՞ հաղթանակ՝ ի սկզբանե
-Պահեցողության 40-օրյա ընթացքը Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարություն կարծես մեր կյանքի խտացված մանրանկար է: Այն սկսվում է անմեղ, մանկական ընթացքով: Մենք ծնվում ենք իբրև բարի կենդանության պտուղ, հետո մեծանում ենք, ընկնում մեղքերի մեջ, հանցանքներ գործում, մեզ համար սահմանվում են որոշակի պատիժներ և վերջապես, իբրև պատիժ, արտաքսվում ենք ինչ-որ մի վայրից: Ինձ համար պահքի շրջանն ընթացք է, որը կոնկրետ օրերից պետք է դուրս գա և տարածվի ամբողջ 365 օրերի վրա: Եթե մեր հոգին, միտքը և մարմինը մաքրելու համար սահմանափակվում ենք միայն այս քառասնօրյա պահեցողության ժամանակահատվածով, ուրեմն այն ցուցադրական ինչ-որ բանի է վերածվում։ Կեղծ է այն կյանքը, երբ միայն մի որոշ ժամանակահատված ես ինքդ քեզ զերծ պահում այս կամ այն վատ քայլերից և մնացյալ օրերին ազատ ես ցանկացած բան անել: Պահեցողությունը ինքնանպատակ չէ, այն ընթացք է, որը պետք է շարունակվի մեր ամբողջ կյանքում: Ես կարևորում եմ Պահքն իբրև ժամանակահատված, բայց ոչ ինքն իր մեջ սահմանափակված ու ավարտուն, այլ՝ իբրև տևողություն: Կյանքը մեզ կանգնեցնում է շատ փորձությունների առաջ…
Պահքը բնականորեն այնպիսի ժամանակահատված է, որը մեզ պատրաստում է ինչ-որ մեծ իրադարձության: Ինչպես ապրում ենք մեր կյանքը՝ սպասելով մի մեծ իրադարձության, այնպես էլ Պահքի դեպքում է։ Մեր կյանքի նպատակները մեզ համար նախապատրաստված այն նշանակետերն են, որոնց ձգտում ենք, իսկ պահքն այդ նշանակետերին հասնելու ընթացքն է: Սա այն ժամանակահատվածն է, երբ ձգտում ես ինչ-որ մի բանի և պիտի նախապատրաստվես այդ մեծ իրադարձությանը:
-Ո՞րն է Մեծ պահքի խորհուրդը հոգու և մարմնի համար:
-Մարդու հոգեվիճակն առաջնահերթ արտահայտվում է մարմնի միջոցով։ Պահեցողության շրջանում կարևոր է, որ մարմինը, հոգին և միտքը համահավասար կերպով երևան: Ինչպես 40-օրյա պահեցողության շրջանը մեզ տանում է Քրիստոսի փառավոր Հարության հաղթանակին, այդպես էլ մեր ապրած ամբողջ կյանքը մեզ տանում է փառավոր այն հաղթանակին, որ հավիտենական կյանքն է՝ շնորհված մեզ Քրիստոսի Հարությամբ: Որպեսզի մարդը պատրաստ լինի ընդունել այդ հաղթանակը, նա պետք է հավասարապես պատրաստ լինի դրան մտքով, հոգով և որ ամենակարևորն է՝ մարմնով: Մեր ցանկությունները սանձելու համար մեզ տրվել են հստակ օրեքներ, և պահեցողության կանոնները խստակրոնության, խստակեցության պայման չեն։ Այսօր շատերը պահք ասելով հասկանում են ճնշել մարմինը և զորացնել հոգին: Այդպիսի բան չկա։ Մարդը երեքի ամբողջություն է, եթե մարմին չկա, ապա մարդու ո՛չ հոգին, ո՛չ միտքը, ո՛չ գանձը, ո՛չ հարստությունը չեն երևա: Մարդու մարմինն է մեզ այդ բոլորը ցույց տալիս, ուստի պահոց շրջանում շատ մեծ կարևորություն եմ տալիս մարմնին: Բայց դա չի նշանակում կենտրոնանալ մարմինը կերակրելու և առողջացնելու վրա։ Պահքը բժշկական կամ դիետիկ շրջան չէ: Պահքի ընթացքում, այս առումով, շեշտը դնել պետք է ոչ միայն մարմնի հանդեպ հոգատարության վրա, այլ պետք է անհրաժեշտ կարևորությունը տալ: Ալեքսանդր Շմեմանն իր «Մեծ պահք» գրքում ասում է․ «Հոգևոր վերածննդի երկարատև ու դժվարին տքնության ընթացքում եկեղեցին հոգին մարմնից չի անջատում։ Քրիստոնեական խստակեցությունը պայքար է ոչ թե ընդդեմ, այլ հանուն մարմնի։ Ահա թե ինչու ապաշխարում է ամբողջական մարդը՝ հոգով ու մարմնով։ Մարմինը մասնակցում է հոգու աղթքին ճիշտ այնպես, ինչպես հոգին աղոթում է մարմնի մեջ և միջոցով»։ Մարդն ամեն բանից առաջ մարմին է: Ես մարդու հոգու հետ չեմ կարող շփվել, ոչ էլ մարդու մտքի հետ:
Հիշեցի Արշակ Չոպանյանի պատմվածքը, որտեղ փոքրիկ պատանին, ում հայրը մահացել էր, հարցադրում է անում. «Ես ի՞նչ ընեմ հոգիով, երբ հոգին ձեռքեր չունի։ Ես ինչպե՞ս իմ հայրիկի ձեռքերը բռնեմ։ Ես ինչպե՞ս իմ հոր աչքերին նայեմ, երբ իմ հոգին աչքեր չունի»:
Ամեն ինչ մարմնով է արտահայտվում և դրսևորվում, առանց մարմնի արտահայտչականություն չկա: Մեծ Պահքը մեծ կարևություն է տալիս մարմնին, այն ուրախ և կենսախինդ պահելուն: Քրիստոս Ինքն ասաց. «Երբ դու ծոմ պահես, օծիր քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց որպես ծոմ պահող, այլ քո Հորը՝ գաղտնաբար» (Մատթ. 6:17):
-Պահքը տարբերվո՞ւմ է ընտանիքում, աշխատավայրում, հասարակական տարբեր վայրերում։
-Տանը, դրսում կամ աշխատավայրում Պահք պահելու առանձնահատկություն չկա։ Այստեղ մարդու ազատության և ընտրության հարցն է: Որևէ պարտադրանք չկա պահք պահելու հարցում, այն անձնական մոտեցում է ենթադրվում: Եվ այստեղ տեղին է հիշել Ս. Պողոս առաքյալի խոսքը. «Ո՛չ պահք պահողը թող մեղադրի չպահողին և ո՛չ չպահողը՝ պահողին»: Պետք է սովորենք հարգել միմյանց և դիմացինի ընտրությունը: Մարդ ինքն է պատասխանատու իր քայլերի համար:
-Դաստիարակության ի՞նչ ճանապարհ է անցնում մարդը պահքի ընթացքում։
-Այս առումով իրոք մեծ նշանակություն ունի պահքի շրջանը: Սա ինքնադաստիարակչական, ինքնապատրաստման ժամանակահատված է: Դու ինքդ քեզ պիտի դաստիարակես, ինքդ քեզ սովորեցնես և ոչ թե զրկես: Պահքը ինքնազրկում չէ, այլ՝ ինքնահարստացում:
-Ինչպե՞ս վերացական խոսքերից, մտքերից ու պատկերացումներից անցնել իրական պահեցողության:
-Վերացական է մեզ համար այն ամենը, ինչի բացատրությունը մենք չունենք: Այն, ինչի մեջ դու չես դաստիարակվել, քո մեջ վերացական կմնա: Դա վերաբերվում է նաև պահեցողությանը: Եթե ժողովուրդը կարողանա Աստվածաշունչ կարդալ, հակառակ այն տեսակետի, որ չի հասկանում, ապա շատ հարցերի պատասխաններ կստանա։ Ամեն ինչ կյանքում վերացական է, եթե մենք այդ խորհրդի բացատրությունը չունենք: Մենք պետք է դաստիարակվենք իբրև քրիստոնյաներ, որպեսզի մեզ համար վերացական ոչինչ չմնա: Ամենամեծ վերացական գաղափարը հավանաբար Աստծո գոյություն է: Միևնույն ժամանակ Աստծուն հավատալը ամենապարզ ներկայացված երևույթն է: Երբ մտածում ես, թե ո՞վ է Աստված, նայիր քո հորը: Երբ մտածում ես, թե ինչպիսի՞ն է Աստված, նայիր տիերզերքին: Այսպիսով, վերացականության խնդիրը և այն հաղթահարելու պայմանը մեր մեջ է:
-Ամուր հավա՞տք պետք է ունենալ պահք պահելու համար, թե՞ պահքը մեզ կբերի հավատքի զորացման:
-Հավատքն աստվածային առաքինություն է, որ դրվել է մարդու մեջ: Այն բխումն է ամեն ինչի: Վերջերս մի այսպիսի միտք էր գլխումս․ «Երբ հավատք չունես՝ հույսի ճամփով մի գնա, սերը քեզ տեղ չի տանի»: Ոմանց մեջ հավատը կարող է մթագնած լինել, սակայն պահեցողության շրջանը կարող է մեր հավատքին ավելի մեծ թափ հաղորդել: Հավատքից է բխում ամեն ինչ: Իսկ պահքը հոգու այն ջերմությունն է, որ կարող է ցրել մառախուղը և հասցնել մեզ գերագույն ճշմարտության: Առաքինությունները տրվել են Աստծո կողմից, իսկ կյանքի ձևերը մարդիկ իրենք են ստեղծել: Պահեցողությունը ստեղծվել է, իսկ հավատքը տրվել է Աստծուց:
-Ինչպիսի՞ն է պահք պահելու Ձեր փորձառությունը:
-Այնպես, ինչպես ապրում եմ պահքի ժամանակահատվածից դուրս, այնպես էլ պահքի ընթացքն եմ ապրում։
-Ի՞նչ ընթերցել պահքի ընթացքում:
Խորհուրդ կտամ կարդալ Աստվածածունչ, Հովհան Մանդակունու ճառերը, Ալեքսանդր Շմեմանի «Մեծ Պահքը» և պարզապես ընթերցել:
Հասմիկ Թամամյան