Կանադայի կառավարությանը ներկայացվել է Երևանում դեսպանություն հիմնելու առաջարկ
Օտտավայում մարտի 8-ին տեղի է ունեցել ԿանադաՀայաստան խորհրդարանական բարեկամության խմբի հերթական նիստը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, բարեկամության խմբի համանախագահ Արնոլդ Չանի գլխավորությամբ կայացած նիստին ներկա են եղել նաև Կանադայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները:
Նիստի ընթացքում քննարկվել են հայկանադական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանում կայանալիք համապետական ընտրություններին, երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդմանը և փոխադարձ կարևորություն ունեցող այլ թեմաների: Նիստի ընթացքում ընդունվել է հայտարարություն, որով Կանադայի կառավարությանը կոչ է արվել Երևանում հիմնել Կանադայի դիվանագիտական ներկայացուցչություն:
Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանը, Հայաստանի գլխավոր հյուպատոս Սասուն Հովհաննիսյանը, Կանադայի Հայ ազգային կոմիտեի նախագահ Շահեն Միրաքյանը հնարավորություն են ունեցել կանադական կողմին ներկայացնել իրենց հուզող հարցերն ու խնդիրները, որոնք վերաբերել են նաև Կանադայի հայ համայնքին:
Հայ-կանադական բարեկամության խումբը վերահաստատել է երկու երկրների միջև կապերի հետագա խորացման կարևորությունը և քննարկել տարբեր նախաձեռնություններ, որոնք ուղղված են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: