«Իրավապահ համակարգը պաշտպանում և հովանավորում է կաշառք բաժանողներին». Լևոն Զուրաբյանն ահազանգում է ընտրակաշառքների մասին

Երևանի Սարյան 38 հասցեում գտնվող ՀԱԿ-ի գրասենյակ են գնացել քաղաքացիներ և հետաքրքրվել, թե արդյոք այդտե՞ղ են գազի հաշիվների փակման համար հերթագրում։ Այս ահազանգն այսօր Կոնդում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում հնչեցրեց ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի անդամ Լևոն Զուրաբյանը։ Ըստ նրա՝ դա նշանակում է, որ իրենց գրասենյակի մերձակայքում ինչ-որ տեղ նման հերթագրում է իրականացվում։ Զուրաբյանի խոսքով՝ այդպիսով մարդկանց տարբեր տեսակի ծառայություններ են խոստանում՝ իրենց թեկնածուի օգտին քվեարկելու դեպքում։

«Պատահմամբ գալիս, մտնում են մեր սենյակ»,- ասաց Զուրաբյանը։

Նա նշեց, որ այդ խնդիրն իրենք ներկայացրել են նաև ԵԱՀԿ դիտորդներին, սակայն վերջինների համար դա նորություն չի եղել։ Լ.Զուրաբյանի խոսքով՝ ընտրակաշառքների ահազանգեր հանրապետության բոլոր մարզերում են ստացվում։

Թե ինչպե՞ս կարելի է պայքարել դրա դեմ՝ հարցին, Լ.Զուրաբյանը պատասխանեց. «Մենք պետություն չենք պետության մեջ, մենք չենք կարող սեփական իրավապահ մարմիններ ստեղծել, մենք չենք կարող ունենանք մեր Ոստիկանությունը, մեր քննիչները, մեր Դատախազությունը։ Այդ ամեն ինչի դեմը պետք է առնի երկրի իրավական համակարգը։ Դրա համար է Ոստիկանությունը, դրա համար է Դատախազությունը, դրա համար են քննիչները։ Բայց այդ ամբողջ համակարգը, փոխանակ մեզ պաշտպանի այդ ոտնձգություններից, պաշտպանում և հովանավորում է այդ կաշառք բաժանողներին մեզանից»։

Զուրաբյանը նշեց, որ նախկինում, երբ իրենք գնացել-հայտնաբերել են կաշառք բաժանելու դեպքերը, նկարահանել են, Ոստիկանությունը շատ դեպքերում ՀԱԿ ակտիվիստներին է հետապնդել՝ ընտրական գործընթացը խոչընդոտելու համար։

Տեսանյութեր

Լրահոս