Բաժիններ՝

«Մենք փառատոնային շրջանակներում Հայաստան ենք բերում հեղինակավոր խմբերի, հայտնի մարդկանց, սակայն մասնակցում են միայն հրավիրվածները»

Մարտի 24-ին, 25-ին և 26-ին ՀՀ մշակույթի նախարարությունը՝ «Ռոք ասոցիացիայի» հետ համատեղ, մեկնարկում է Music Drive երևանյան միջազգային փառատոնը, որ կտևի երեք օր, և որին կմասնակցեն երաժշտական rock, fusion, ethno -rock, prog rock, melodic rock խմբեր՝ հրավիրված Շվեդիայից, Դանիայից, Անգլիայից և այլ երկրներից: Այս մասին այսօր հայտնի դարձավ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, որին մասնակցում էին բանախոսներ՝ ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, «Ռոք ասոցիացիայի» նախագահ Վարդան Գրիգորյանը, «Ազգային թատերական ստեղծագործական միավորումի» ղեկավար, Հայաստանի զարգացման հիմնադրամի զբոսաշրջության գծով տնօրեն Արա Խզմալյանը:

Փառատոնի շրջանակներում Հայաստան կժամանեն վիրտուոզ երաժիշտներ, կլինեն նաև երաժշտական խմբեր Հայաստանից.

«Մեր նպատակն է, որ այստեղ էլ անցկացվող ռոք, ջազ փառատոները նկատելի լինեն քաղաքակիրթ աշխարհում, ապահովելով Հայաստանի ներկայությունն ու տեսանելիությունը միջազգային ռոք հարթակում, ձևավորելով փառատոնային ավանդույթներ նաև այս ոլորտում, միմյանց հետ շփվելու, փորձով փոխանակվելու հնարավորություն ստեղծելու համար: Փորձել ենք ներգրավել գրեթե բոլորին՝ ինչպես երիտասարդներին, այնպես էլ՝ արդեն հայտնի երաժիշտների՝ Վահան Արծրունուն, Արտո Թունչբոյաջյանին: Ի թիվս հրավիրված խմբերի՝ փառատոնին կմասնակցեն «Հյումըն էլեմենտը», «Անեկդոտը», «Ագենդ Ֆրեսկոն» և այլ խմբեր»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում մանրամասնում է «Ռոք ասոցիացիայի» նախագահ, փառատոնի համակարգող Վարդան Գրիգորյանը:

«Ռոք փառատոնը գալիս է ավելի գունազարդելու մեր գարունը: Այսուհետ մեր գարունները կազդարարվեն ռոքային մեկնարկով, որովհետև նախատեսվում է փառատոնն անցկացնել ամեն տարի գարնանը: Ինչո՞ւ ռոք փառատոն, որովհետև ռոքը երիտասարդություն է, ազատ մտածողություն, այն ազատությունը, որին ձգտում ենք բոլորս: Ուրախ եմ, որ դրսից այդքան շատ խմբեր են գալու: Ուրախ եմ, որ համերգները կանցնեն ոչ միայն դահլիճներում, այլ նաև բացօթյա ֆորմատով»,- նշում է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Տեղեկացնենք, որ հայկական խմբերը ելույթ կունենան Գ. Սունդուկյանի անվան թատրոնում, իսկ ՀԲԸՄ դահլիճում նախատեսվում է անցկացնել հանդիպում «Հյումըն էլեմենտի» վիրտուոզ երաժիշտների հետ: Փառատոնի կազմակերպման և անցկացման ողջ ծախսերը, ինչպես տեղեկացնում է մշակույթի նախարարը, կհոգա պետությունը՝ այդ նպատակի համար տրամադրելով 32 միլիոն դրամ: Նախատեսված ֆինանսական միջոցները, ըստ Ա. Ամիրյանի՝ միանգամայն արդարացված են, հաշվի առնելով «մուլտիպլիկատիվ էֆեկտը», որն անհամեմատ ավելին է խոստանում:

«Մենք փառատոնային շրջանակներում Հայաստան ենք բերում հեղինակավոր խմբերի, հայտնի մարդկանց, սակայն մասնակցում են միայն հրավիրվածները»,- սա Վարդան Գրիգորյանի համոզմունքն է, իսկ հանդիման մասնակից երաժիշտ Վահան Արծրունու բնորոշմամբ՝ ժանրային առումով այս փառատոնը բացառիկ երևույթ է լինելու հայաստանյան իրականության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս