«Ասում են` Հայաստանում պետք է հեղափոխություն արվի. այդ հեղափոխությունը պետք է մեր ուղեղներում արվի». Արթուր Բաղդասարյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Հայկական վերածնունդ» (ՀՎԿ) նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով այցելել էր Արագածոտնի մարզ: Բոլոր հանդիպումները, այսպես ասած, փակ ֆորմատով էին, այսինքն՝ ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի՝ ՀՎԿ-ն նախընտրում է քարոզչությունն իրականացնել գյուղերի կամ քաղաքների մշակույթի տներում: Առաջին կանգառը Ծաղկահովիտ գյուղն էր, որի անմխիթար վիճակում գտնվող մշակույթի տանը հավաքվել էին հիմնականում տղամարդիկ: Արթուր Բաղդասարյանը նախ խոսքը տվեց մարզից առաջադրված պատգամավորության թեկնածուներին, ապա ներկայացրեց իրենց կուսակցության 30 կետից բաղկացած նախընտրական ծրագիրը: ՀՎԿ նախագահը կարևորեց ընտրողների գիտակցված ընտրությունը:

«Ասում են` Հայաստանում պետք է հեղափոխություն արվի. այդ հեղափոխությունը պետք է մեր ուղեղներում արվի, որ լինենք մեր քվեի տերը»,- շեշտեց Ա. Բաղդասարյանը:

Երկրորդ կանգառն Ապարան քաղաքի մշակույթի տունն էր, որտեղ հավաքված մարդկանց թիվն ավելի շատ էր: Արթուր Բաղդասարյանն այնտեղ էլ խոսեց իրենց ծրագրերից, անելիքներից և կոչ արեց պատասխանատվության զգացում ունենալ:

«Եկեք` մեր վրայից պատասխանատվությունը չգցենք, մենք ենք տերը մեր քվեի։ Ոչ թե ասեք` մեկ է` ոչ մի բան չի փոխվելու, այլ գնացեք` գաղափարապես ձեզ ավելի մոտ ուժին ընտրեք»,- ասաց նա։

Ապա ՀՎԿ թիմն այցելեց Աշտարակ քաղաք, որտեղի մշակույթի տանն արդեն ավելի շատ մարդ կար, քան նախորդ վայրերում: Բոլոր երեք վայրում էլ Արթուր Բաղդասարյանը շեշտադրում կատարեց հիմնականում սոցիալական հարցերի վրա և նշեց, որ իրենց ընտրվելու դեպքում կկատարվեն այնպիսի բարեփոխումներ, որոնք սովորական քաղաքացին իր վրա կզգա:

Տեսանյութեր

Լրահոս