«Ձայնն ի՞նչ արժի Ծաղկահովիտում». Արթուր Բաղդասարյանը` ծաղկահովիտցիներին

ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյան այսօր Ծաղկահովիտում գյուղացիների հետ հանդիպման ընթացքում հետաքրքրվեց` ձայնն ի՞նչ արժի Ծաղկահովիտում, դեռ չե՞ն ցուցակագրել։

Գյուղացիները պատասխանեցին, որ դեռևս չեն ցուցակագրում։ Բաղդասարյանն ասաց, որ եթե հիմա գումար բաժանեն, հետո տարբեր միջոցներով գյուղացիներից մի քանի անգամ ավելի գումար են վերցնելու։

«Հայաստանում բավականին անհաջող ձևով ընդունվեց մի օրենք, որով ԴԱՀԿ-ն կարող է պարտքերիդ դիմաց տան իրերը վերցնել։ Այդ արատավոր համակարգը պետք է փոխել։

Ասում են` Հայաստանում պետք է հեղափոխություն արվի. այդ հեղափոխությունը պետք է մեր ուղեղներում արվի, որ լինենք մեր քվեի տերը»,- ասաց նա։

Նաև նշեց, որ բյուջեի նկատմամբ կողոպուտներ իրականացնող մարդկանց, օրենք խախտողերին պետք է խստորեն պատժել։ «Մեր հաղթանակը նշանակում է` աստիճանական անցում պրոֆեսիոնալ բանակի։ Այսօր ՌԴ սահմանապահ զորքերը 100%-անոց պայմանագրային զինծառայության են անցել։ Մեր հաղթանակը նշանակում է ավանդների վերադարձ. բոլոր ավանդատուներն իրենց ավանդները պետք է ստանան։

Պետք է ժառանգական իրավունքով վերականգնվի սոցիալական արդարությունը։ Առաջարկում ենք գյուղատնտեսության ոլորտում քաղաքակիրթ ապահովագրման համակարգ ներդնել։ Մենք պետք է գյուղատնտեաական համակարգն ապահովագրենք, որպեսզի աղետի դեպքում գյուղացին միայնակ չմնա։ Նաև առաջարկում ենք գյուղատնտեսական ոլորտի այլ իրատեսական լուծումներ։ Պետությունը պարտավոր է օժանդակել, որ գյուղատնտեսությունը Հայստանում զարգանա»։

Տեսանյութեր

Լրահոս