Սերժ Սարգսյանը կոչ է արել ֆրանսիացի գործարարներին Հայաստանը դիտարկել ԵԱՏՄ և Իրանի շուկաներ մուտքի հարթակ

Հայաստանի և Ֆրանսիայի պատմամշակությաին հարաբերություններն ու բազմադարյա կապերը, ինչպես նաև քաղաքական խնդիրների բացակայությունն այն ամուր հիմքն են, որոնց վրա երկկողմ հարաբերությունները շարունակում են ընդլայնվել փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ի թղթակիցը, Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Երկու երկրների նախագահները գոհունակությամբ փաստել են առկա ձեռքբերումները` կայուն քաղաքական երկխոսություն, միջխորհրդարանական շատ ամուր կապեր, տնտեսական, գիտակրթական շատ ակտիվ կապեր, ապակենտրոնացված համագործակցության խորացում, միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցություն, Ֆրանսիայի կողմից Հայաստանում իրականցվող միջազգային ծրագրեր, միջազգային կարևորագույն հարցերով սատարում միմյանց, ինչպես նաև ընդգրկուն իրավապայմանագրային դաշտ:

ՀՀ Նախագահի խոսքով` այսօր ևս մեկ քայլ կատարվեց այդ հարաբերությունների խորացման ուղղցությամբ. Երկու կողմերը ստորագրեցին զբոսաշրջության և միջբուհական ոլորտում համագործակցության փաստաթղթեր: «Անշուշտ, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ամուր հիմք է նաև տնտեսական համագործակցության համար: Քանի դեռ տնտեսական հարաբերությունները չեն հասել քաղաքական հարաբերությունների մակարդակին, մենք հաստատուն քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ: Ես այսօր առավոտյան ՄԵԴԵՖ-­ում փորձում էի համոզել ֆրանսիացի գործարարներին, որ Հայաստանում բարենպաստ պայմաններ կան ներդրումներ կատարելու համար: Փորձեցի համոզել այն իրականությամբ, որ այսօր Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, կարող է հարթակ լինել նրանց համար»,- շեշտեց ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով` ֆրանսիացի գործարարներին ուղղված երկրորդ կարևորագույն ուղերձն այն է, որ Հայաստանն ունի Իրանի հետ լավ հարաբերություններ: «Իրանի հետ պատժամիջոցների ընթացքում լավ հարաբերություններ պահպանելով և ճանաչելով իրանական շուկան ու Իրանի ժողովրդին՝ Հայաստանը ևս կարող է այստեղ օգտակար լինել առաջատար ֆրանսիական ու եվրոպական ընկերություններին հարթակ ծառայելով, ունենալով հնարավորություններ ու այդ հնարավորություններն ի սպաս դնել մեր հարաբերությունների զարգացմանը: Եթե ֆրանսիական բիզնեսը ծաղկի Իրանում, մենք ևս կլինենք օգտատերերի թվում»,-­ ամփոփեց ՀՀ Նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս