«ՀՀԿ­-ն ներկայացրել է այնպիսի իրատեսական քայլեր, որոնք հնարավոր է կյանքի կոչել». Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը նախընտրական քարոզչության շրջանակում Արմավիրի ընտրողների հետ հանդիպմանը վստահեցրեց, որ իրենց բոլոր նախընտրական ծրագրերն իրականություն են դարձնելու:

«Մեր թիմում ներգրավված են Հայաստանի Հանրապետության բնակչության բոլոր շերտերը: Մեր թիմն ունի ամենամեծ կառավարման փորձը, կան և՛ ուսուցիչներ, և՛ ուսանողներ, և՛ գյուղատնտեսներ, և՛ մշակույթի գործիչներ, և՛ կառավարիչներ, իսկ կառավարման փորձը և՛ դրական է, և՛ բացասական։ Բացասական փորձը ճիշտ գնահատելով՝ կարող ենք հետագայում այդ բացասական երևույթներից խուսափել։ Ես չեմ լսել մեկ այլ կուսակցություն, որը բարձրաձայն ասի՝ ունեցել ենք սխալներ. սա իրականում համարձակություն է պարունակում ու բավականին իրատեսական մոտեցում է»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»­-ը, ասաց Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ ՀՀԿ­ի թիմը նման է մի մեծ ընտանիքի, որտեղ մեկը սիրում է ուսում ստանալ, մյուսը չար է, երրորդը՝ ճարպիկ, սակայն միահամուռ են՝ սիրով լցված։

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ ՀՀԿ­ն նաև տարբերվում է շատ գրգռված վերաբերմունքով Արցախի նկատմամբ: «Ես համոզված եմ, որ Արցախն այն ճակատային գիծն է, որտեղ մեր կանանց ու աղջիկների արժանապատվության հարցն է որոշվում: Ես վստահ եմ, որ Հայաստանում քիչ կլինեն մարդիկ, որոնք կասեն՝ ՀՀԿ-ն Արցախի դեպքում ոչ հետևողական է լինելու»,­- ասաց Կարապետյանը:

Անդրադառնալով ՀՀԿ նախընտրական ծրագրին՝ վարչապետն ընդգծեց, որ իրենք չեն ներկայացրել պոպուլիստական և անիրականանալի ծրագրեր, ներկայացրել են այնպիսի իրատեսական քայլեր, որոնք հնարավոր է կյանքի կոչել:

Տեսանյութեր

Լրահոս