Բաժիններ՝

Ֆրանսուա Ռոշբլուանն Օլանդին խնդրել է իր ազդեցությունը գործի դնել Լապշինին ազատ արձակելու համար

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա­Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը նախագահ Ֆրանսուա Օլանդի ուշադրությունն է հրավիրել բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնելու խնդրի ուղղությամբ: Ռոշբլուանը Լապշինի հարցով նամակ է գրել Օլանդին և նշել, որ բլոգերի ձերբակալման և արտահանձնման պատճառ է դարձել Բաքվի քաղաքական ռեժիմի դեմ քննադատություններն ու Արցախ այցելելը:

«Իրավական պաշտպանության միջոցները սպառելուց հետո Լապշինը արտահանձնվել է Ադրբեջանին և անմիջապես կալանավորվել: Լապշինին արտահանձնելով Ադրբեջանին` Բելառուսը խախտել է խոշտանգումների դեմ միջազգային կոնվենցիան, որի երրորդ հոդվածն ընդգծում է` որևէ պետություն չպետք է որևէ անձի հանձնի այլ պետության, եթե կան լուրջ հիմքեր կարծելու, որ նա կարող է այնտեղ ենթարկվել խոշտանգումների: Այդ ռիսկը կա Ադրբեջանում, քանի որ այդ երկիրը մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված բազմիցս դատապարտվել է միջազգային կազմակերպությունների և ՄԱԿ­-ի կողմից: Դուք պետք է ինքներդ գնահատեք այդ փաստը, քանի որ Յունուսին պարգևատրեցիք Պատվո Լեգեոնի շքանշանով, ով ադրբեջանական բանտում պահվելու ժամանակ այնտեղ առկա պայմանների հետևանքով «ձեռք էր բերել» առողջական լրջագույն խնդիրներ»,-­ գրել է Ռոշբլուանը:

Ընդգծելով Ադրբեջանի ռեպրեսիվ իշխանությունների գործողությունների փաստը` պատգամավորն Օլանդին խնդրել է իր բարձր ազդեցությունն օգտագործել Բաքվի ռեժիմի դեմ` բլոգեր Լապշինին ազատ արձակելու նպատակով:

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-­ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան:

Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս