Բաժիններ՝

ՀՀ ԱԳ նախարարը մեծապես կարևորել է Հայաստանի և Լեհաստանի արդյունավետ համագործակցությունը ԵՄ շրջանակներում

Արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Վիտոլդ Վաշչիկովսկին ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման կապակցությամբ:

Ինչպես հայտնում են ԱԳ նախարարությունից, Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշել է, որ երկու երկրների միջև սերտ հարաբերությունները հիմնված են հայ և լեհ ժողովուրդների` դարերից եկող ամուր պատմական կապերի և բարեկամության վրա:

Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունների ամրապնդման հարցում իր նշանակալի ներդրումն է ունեցել Լեհաստանի հայ համայնքը, որի ներկայացուցիչներն ավելի քան վեց դար շարունակ ընդգրկված են եղել Լեհաստանի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում:

Հայաստանի արտգործնախարարը շեշտել է, որ վերջին քսանհինգ տարիների ընթացքում բարձրաստիճան փոխայցելությունների և կանոնավոր քաղաքական երկխոսության միջոցով մեր երկրներին հաջողվեց կայուն հիմք կառուցել՝ հայ-լեհական հարաբերությունների բեղմնավոր զարգացման համար: Նա մեծապես կարևորել է Հայաստանի և Լեհաստանի արդյունավետ համագործակցությունը ԵՄ շրջանակներում:

Էդվարդ Նալբանդյանը վստահություն է հայտնել, որ գալիք տարիներին համատեղ ջանքերով մեզ կհաջողվի հայ-լեհական հարաբերություններում նկատելի առաջընթաց արձանագրել՝ ի շահ և ի բարօրություն մեր ժողովուրդների:

Վիտոլդ Վաշչիկովսկին իր ուղերձում Լեհաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առիթով շնորհակալություն է հայտնել՝ երկկողմ համագործակցության այս բեղմնավոր ժամանակաշրջանի համար:

Նախարար Վաշչիկովսկին ընդգծել է, որ Լեհաստանը և Հայաստանը ունեն փոխըմբռնման և բարեկամության դարավոր կապեր: Նա շեշտել է, որ վերջին 25 տարիների ընթացքում կարողացանք ստեղծել համագործակցության ամուր հիմքեր, որոնք հիմնված են մեր հարուստ մշակույթների հանդեպ փոխադարձ հարգանքի, ինչպես նաև տնտեսական, գիտական և մշակութային փոխանակման ոլորտներում փոխշահավետության վրա:

Լեհաստանի արտգործնախարարը ընդգծել է, որ մեր երկրների միջև եղած հարաբերությունների ներուժը լիովին դեռ չի օգտագործվել: Նա հույս է հայտնել, որ հաջորդ տարիները կնպաստեն հայ-լեհական հարաբերությունների հետագա զարգացմանը՝ համաձայն վերոնշյալի հետ կապված ակնկալիքների և հնարավորությունների:

Նախարար Վաշչիկովսկին համոզմունք է հայտնել, որ Եվրոպական միության և Հայաստանի միջև շրջանակային համաձայնագրի ստորագրումը կնպաստի ինչպես Եվրոպական միության և Հայաստանի, այնպես էլ մեր երկրների միջև հարաբերությունների հետագա, կարևոր փուլի զարգացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս