«ՕՐՕ-ն փորձում է վերցնել այն ընտրազանգվածը, որ «Ելքինն» է». Կարեն Քոչարյան

«Փորձեմ հումորով սկսել այս թեման, որովհետև այլ կերպ հնարավոր չէ,- այսպես սկսեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսը՝  նախընտրական քարոզարշավի մեկնարկի, քարոզարշավի տեսահոլովակների, դրանց հոգեբանական ազդեցության ու արձագանքների մասին, և հավելեց,- Կարգախոսները փոխվում են և փոփոխվում են, և այնպիսի տպավորություն է, կարծես ինչ-որ ունիվերմագի հանդերձարան լինի, ոչ թե քարոզարշավ՝ բոլորը փոխվում են, փոփոխվում են, փոխում են, հանվում են ու հագնվում են: Գոնե առաջին երկու օրը նկատելի աժիոտաժ առաջացրեց միայն Հանրապետական կուսակցության տեսահոլովակը՝ «Ռեինկարնացիայի» կատարմամբ:

Այս երևույթը երկու տեսակի քննարկման ենթարկվեց՝ մի կողմից՝ ինչո՞ւ է «Ռեինկարնացիան» երգել հենց Հանրապետական կուսակցության համար, մյուս կողմից՝ տեսահոլովակը քննարկվեց զուտ մասնագիտական շրջանակներում, և բացահայտվեց, որ այդ տեսահոլովակում Հանրապետական կուսակցությունից երևում է միայն Կարեն Կարապետյանը:

Իրականում սա  լուրջ մեսիջ է, որով Հանրապետական կուսակցությունը փորձում է հավաստիացնել, որ այն, ինչ իրենք նախաձեռնել են, սկսած այն պահից, երբ  փոփոխություններ սկսվեցին Կառավարության կազմում, հետո՝ կուսակցության ներսում, հետո արդեն՝ երիտասարդացած առաջին տասնյակում, նույն գիծը  շարունակվում է»:

Սկսելով Հանրապետական կուսակցությունից, հանդիպման բանախոսը հատ առ  հատ վերլուծեց քաղաքական պայքարի մեջ մտած մնացյալ ուժերի կողմից դեպի հասարակություն ուղարկված հաղորդագրությունները.

«Ես տեսել եմ «Բարգավաճ Հայաստանի» կողմից պատրաստված տեսահոլովակը, ոչ մի նոր բան չկա, բայց, ի տարբերություն Հանրապետական կուսակցության, որտեղ ողջ բեռն իր վրա է տանում Կարեն Կարապետյանը, այս պարագայում մենք տեսնում ենք  անձամբ միայն Գագիկ Ծառուկյանին, այսինքն՝ այս պարագայում նույն հոլովակում միայն Գագիկ Ծառուկյանն է, և ուրիշ ոչ ոք՝  բացի  Գագիկ Ծառուկյանից: Նույն պատկերը «Հայկական վերածնունդում» (նախկին ՕԵԿ-ում) է.  խոսում է միայն Արթուր Բաղդասարյանը, և ուրիշ ոչ ոք: Սա, թերևս, չի տարածվում «Ազատ դեմոկրատների» վրա, որտեղ հանդես եկող կերպարները չորսն են, ՀԱԿ-ից  ոնց որ թե միայն Լևոն Զուրաբյանն  ու Վահագն Խաչատրյանն են,  համենայնդեպս, ես դեռևս ոչ ոքի չեմ տեսել մինչ այս պահը, դե, իսկ կոմունիստները, պարզ է, որ չեն անցնելու»:

Անդրադառնալով «Ելք» և Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան (ՕՐՕ) դաշինքներին, Կարեն Քոչարյանը նշեց.

«Այստեղ Նիկոլ Փաշինյանը ներկայացված է երրորդ համարի տակ, բայց պարզ է, որ դաշինքի ներսում առաջնային դերը վերապահված է հենց Նիկոլ Փաշինյանին՝ որպես ավելի ռադիկալ, խարիզմատիկ և ճանաչված կերպար, թեև և՛ Արամ Սարգսյանը և՛ Էդմոն Մարուքյանը նույնպես քիչ ճանաչված չեն, այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանն ավելի խարիզմատիկ է: ՕՐՕ-ն փորձում է վերցնել այն ընտրազանգվածը, որ «Ելքինն» է, այսինքն՝ խոսքը ռադիկալ, հեղափոխական տրամադրված ընտրազանգվածի մասին է:

Իհարկե, ՕՐՕ-ին շատ դժվար է լինելու համոզել այդ ընտրազանգվածին, որովհետև, եթե ՕՐՕ-ն կազմված լիներ միայն Վարդան Օսկանյանի գլխավորած «Համախմբում» կուսակցությունից, շատ ավելի հեշտ կհամոզեր: Երբ համախմբմանն է միանում Րաֆֆի Հովհաննիսյանը, ով երբեք կարմիր գիծը չի անցել, ավելին՝ գնացել է աղոթելու, երբ այնտեղ է նաև Սեյրան Օհանյանը, ով դեռ երեկ նույն այդ իշխանության անբաժանելի մասնիկն էր համարվում, իսկ այսօր, չգիտես ինչու, սկսել է քննադատել նույն այդ իշխանություններին, այդ ընտրազանգվածին բարդ է լինելու համոզել»:

Տեսանյութեր

Լրահոս