Բաժիններ՝

Տուն, գազ, մեքենա, աշխատանք, հող… Բերդի բնակիչներն օգնություն են խնդրում Ծառուկյանից

Բերդում տեղի ունեցած հանրահավաքում ելույթից հետո «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բավականին երկարատև լսում էր հավաքված մարդկանց խնդրանքները։ Քաղաքացիներից մեկը դիմեց, թե Բագավանում գազ չի կարողանում քաշել, 200 հազար դրամ է կազմում ծախսը։

«Իմացի, որ քաշել ես»,- վստահեցրեց Ծառուկյանը։

Մի կին նշեց, որ Պառավաքարում տունը վատ վիճակում է, անձրևաջրերը լցվում են տուն, և օգնություն խնդրեց։ Քաղաքացիներն իրենց խնդիրքներով նամակները փոխանցեցին Ծառուկյանի օգնականին։ Վերջինիս դիմելով՝ Ծառուկյանը կարգադրեց՝ «Հայկ, նշի, որ վաղը կատարած լինի»։

«Հայկ, որ վաղը էս մարդու գազը քաշված լինի, 50 հազար դրամ ա»,- մեկ այլ քաղաքացու խնդրանքը կարգադրեց բավարարել Ծառուկյանը։

Մարդիկ Ծառուկյանից խնդրում էին օգնել բուժման հարցում, տուն ձեռք բերելու, մեքենան վերանորոգելու և այլ հարցերով։ Մի քաղաքացի էլ դիմեց, թե Պաշտպանության նախարարությունը հող է վերցրել, մինչև հիմա չի փոխհատուցել։

«Հիմա խորհրդարանը չի գործում, ապրիլի 2-ից հետո պիտի գաս։ Ազգային ժողով պետք է դիմես, որ խնդիրդ լուծեն, տան ձեռքդ»,- ասաց Ծառուկյանը՝ մոռանալով, որ ԱԺ-ն ներկայիս կազմով դեռ մի քառօրյա նիստեր էլ պետք է անի՝ մինչև խորհրդարանական ընտրություններ՝ մարտի 20-23-ը։

«Հայկ, բոլոր դիմողները կգան քո մոտ, որ բոլորի խնդիրը լուծես, ճանապարհես,- կրկին կարգադրեց Ծառուկյանն ու նկատեց,- Ոնց որ լավ չես աշխատում, Հայկ ջան»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս