Բաժիններ՝

ԵԱՀԿ-­ն դատապարտում է ադրբեջանցի բլոգեր Մեհման Հուսեյնովին ազատազրկելու որոշումը

Զանգվածային լրատվության միջոցների հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-­ի տնօրեն Մայքլ Ջորջ Լինքը դատապարտել են Ադրբեջանի իշխանությունների կողմից բլոգեր և «Լրագրողների ազատություն և անվտանգության» ինստիտուտի ներկայացուցիչ Մեհման Հուսեյնովի ազատազրկումը և կոչ են արել ազատ արձակել նրան:

Ինչպես հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը, Հուսեյնովը մարտի 3-­ին Բաքվի դատարանի կողմից դատապարտվել է 2 տարվա ազատազրկման` զրպարտության մեղադրանքով:

«Ես կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել Մեհման Հուսեյնովին: Հույս ունեմ, որ նրան ազատազրկելու որոշումը կարող է փոխվել բողոքարկման գործընթացի ժամանակ»,-­ ասել է Դունյա Միյատովիչը:

Նա նաև Ադրբեջանին կոչ է արել պահել խոստումը և քայլեր ձեռնարկել զրպարտությունը ապաքրեականացնելու ուղղությամբ: Միյատովիչը հիշեցրել է, որ բազմիցս բարձրացրել է այդ հարցը:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-­ի տնօրեն Մայքլ Ջորջ Լինքը հայտարարել է, որ համապատասխան մարմինների կողմից մանրամասն պետք է ուսումնասիրվեն Հուսեյնովի հաղորդումները կալանավայրում իր նկատմամբ բռնությունների և խոշտանգումների մասին: «Այս պարագայում դատարանի որոշումն էլ մտահոգության առիթ է տալիս»,­- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս