Բաժիններ՝

Թուրք-­գերմանական հարաբերություններում նոր սկանդալ է գրանցվել

Գերմանիայի կառավարությունը Թուրքիայի նախկին էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզին արգելել է սահմանադրական հանրաքվեին ընդառաջ քարոզարշավ իրականացնել: Այս մասին հայտնում է թուրքական haberler.com­-ը: Քարոզարշավի նպատակով Թաներ Յըլդըզի ելույթը նախատեսվել էր անցկացնել Ֆրանկֆուրտի մոտակայքում գտնվող քաղաքներից մեկի` Կելստերբախի քաղաքապետարանի դահլիճում, սակայն Գերմանիայի կառավարությունը չի թույլատրել դահլիճն օգտագործել այդ նպատակով, և չեղարկել է վարձակալման պայմանագիրը:

Թուրք-­գերմանական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լարված են, և Գերմանիայի կառավարությունը ամեն կերպ փորձում է խոչնդոտել Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության անդամների կողմից Գերմանիայում քարոզչական հանրահավաքների կազմակերպմանը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին քննադատել էր գերմանական իշխանություններին այն բանի համար, որ թուրք նախարարներին այդ երկրում արգելվել է սահմանադրական հանրաքվեին ընդառաջ քարոզարշավ իրականացնել: «Հեյ, Գերմանիա, դուք ժողովրդավարության հետ հեռու մոտիկ որևէ կապ չունեք: Իմացեք, որ ձեր ներկայիս պահվածքը չի տարբերվում անցյալի նացիստական պահվածքից»,­- ասել էր Էրդողանը:

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը մարտի 2­ին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի առնչությամբ պետք է ելույթ ունենար Գերմանիայի Գագենաու քաղաքում, սակայն վերջին պահին քաղաքապետարանն արգելել է դրա անցկացումը: Քաղաքապետը հայտնել է, որ որոշումը քաղաքական բնույթ չունի: Թուրք­գերմանական հարաբերությունները Welt Die պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի Ստամբուլում կատարված ձերբակալության պատճառով վերջին օրերին ավելի են լարվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս