Բաժիններ՝

Արթուր Սարգսյանի գիտակցությունը տեղն է. նա «Արմենիա» ԲԿ վերակենդանացման բաժանմունքում է

Անցած տարվա հուլիսին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբին սնունդ տարած Արթուր Սարգսյանն «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է: Մարտի 6­-ին լրագրողների հետ զրույցում «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը նշեց, որ Արթուր Սարգսյանի առողջական վիճակի մասին ինչ­որ բան ասել հնարավոր կլինի միայն հետազոտությունից հետո: «Նախնական տվյալներով գիտակցությունը պահպանված է, ճնշումը կայուն է՝ 120/80, զարկերակը՝ 88, ջերմություն չունի: Նրա առողջական վիճակի մասին վերջնական պատասխան տալու համար որոշակի հետազոտություն է հարկավոր»,­- «Արմենպրես»-­ի հաղորդմամբ` ասաց Մակարյանը:

ՀՀ գլխավոր դատախազը մարտի 6­ին բավարարել է Ազգային ժողովի 27 պատգամավորների միջնորդությունը Արթուր Սարգսյանի խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոխելու վերաբերյալ: Արթուր Սարգսյանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Ազգային ժողովի պատգամավորների շրջանում Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացնելու ստորագրահավաքը նախաձեռնել էին պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս