«Խնդրում եմ բոլորդ իմանաք, որ մենք դաշինք ենք կապել 1920 թվականի նոյեմբերի 29-ից, և մեր դաշնակիցը ժողովուրդն է». ՀԿԿ նախագահ

Քարոզարշավն արդեն մեկնարկել է, և տարբեր կուսակցություններ արդեն հասցրել են հանրությանը ներկայացնել իրենց ծրագրային դրույթները: Քարոզարշավային նախընտրական տրամադրություն է տիրում նաև Հայաստանի կոմունիստական կուսակցության շարքերում, որի կարգախոսն է՝ «Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ»:

Այսօր մեկնարկած քարոզարշավի ընթացքում Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց նախընտրական ծրագիրը, ըստ որի՝ առանձին ռազմավարական նշանակության օբյեկտներ  առաջարկում են դարձնել պետական սեփականությունը, գյուղերում կոոպերատիվներ ստեղծելու գաղափարը, ինչպես նաև հետևողական պայքար են պատրաստվում մղել Հայաստանում անհայտ արևմտյան երևույթների՝ համասեռամոլության, տրանսգենդերների դեմ:

Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագահ Տաճատ Սարգսյանն այսօր նախընտրական ծրագրի ներկայացման ընթացքում մասնավորեցրեց այն հիմնական կետերն ու դրույթները, որոնց հավատարիմ՝ Կոմունիստական կուսակցությունը մուտք կգործի ապագա Ազգային ժողով և արմատական փոփոխությունների տեսլականով երկիրը դուրս կբերի ստեղծված ճգնաժամից:

«Սով, արտագաղթ, կոռուպցիա, կաշառակերություն, իսկ իշխանությունների մշակած քայլերը չեն բավարարում: Մենք մեր առաջարկած ծրագրով ուղղակիորեն պետք է պահանջենք իշխանություններից մտածելու աշխատատեղերի ստեղծման և մարդկանց հայրենիք վերադարձնելու մասին: Մենք այն կարծիքին ենք, որ Սահմանադրությամբ ամրագրված ընդերքի հումքը ժողովրդի սեփականությունն է: Փոխանակ մեքենաներ բարձելով դրանք տեղափոխեն Հայաստանից, անհրաժեշտ է մտածել ներդրումներ կատարելու հանրապետության ներսում և լուծելու աշխատատեղերի խնդիրը, որպեսզի դրանց շահույթը չգնա առանձին օլիգարխների ձեռքը, այլ դառնա ժողովրդի ունեցվածքը:

Մենք այն կարծիքին ենք, որ վաղուց ժամանակն է, որպեսզի բանկերի նկատմամբ պետությունը վերահսկողություն սահմանի: Բանկերի հնարավորությունը պետք է սպասարկի գյուղատնտեսության և արդյունաբերության զարգացման համար:

Մենք այն կարծիքին ենք, որ պետական սեկտորը պետք է ավելի շատ դերակատարություն ունենա տնտեսության զարգացման գործում: Ժամանակն է, որպեսզի պետական սեփականությունն աստիճանաբար առանձին ռազմավարական նշանակության օբյեկտներ դառնան: Ժամանակն է մասնատված գյուղի հողատարածքները խոշորացնել:

Այսօր մշակելի հողատարածքների 60 տոկոսից ավելին չի մշակվում: Գյուղերում հարկավոր է կոոպերատիվ տնտեսություններ հիմնել: Գիտության բնագավառը խայտառակ վիճակում է: Ի՞նչ է նշանակում՝ համախառն ներքին արդյունքից գիտության համար տրամադրել 0.1 տոկոս, այն դեպքում, երբ առաջավոր երկրներում այդ թիվը կազմում է 2-3 տոկոս: Մենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում գտնվող հանրապետություն ենք, և թաքցնելու ոչինչ չկա՝ մեզ պետք է զարկ տալ ռազմական արդյունաբերությանը, իսկ այդ արդյունաբերության զարգացման համար առաջին խթանը գիտության զարգացումն է:

Կուտակված բազմաթիվ խնդիրներ կան, որոնք կուսակցության ուշադրության կենտրոնում են, և Ազգային ժողով անցնելով՝ մենք պարտավոր ենք հնարավորության սահմաններում անել ամեն ինչ, որպեսզի կուսակցության կողմից նախաձեռնված այս միջոցառումներն իրականություն դառնան: Մեզ հաճախակի հարցնում են, թե՝ էս որտե՞ղ էիք, չէիք երևում, և հանկարծակի քայլ եք անում՝ մտնելու Ազգային ժողով, և, թե ինչո՞ւ մենք դաշինք չենք կազմում որևէ քաղաքական կուսակցության հետ: Խնդրում եմ բոլորդ իմանաք, որ մենք դաշինք ենք կապել 1920 թվականի նոյեմբերի 29-ից, և մեր դաշնակիցը ժողովուրդն է»,- իր ելույթում ասաց ՀԿԿ նախագահ Տաճատ Սարգսյանը:

Անդրադառնալով կուսակցության կողմից նախընտրական ծրագրում ներառված արտաքին քաղաքականության հիմնադրույթներին, կուսակցության անդամներն առանձնացնում են՝ նպատակ ունենալով առավելագույս նպաստելու Հայաստանի Հանրապետության տնտեսական և հոգևոր վերածննդին, Հայաստանի կոմունիստական կուսակցության արտաքին քաղաքականության բնագավառում որդեգրած ծրագրային դրույթներն են՝ ամրապնդել և զարգացնել ռազմաքաղաքական կապերը Ռուսաստանի և Կոլեկտիվ անվտանգության մյուս պետությունների հետ՝ շարունակաբար ընդլայնելով առևտրատնտեսական, գիտատեխնիկական, տնտեսական և մշակութային համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության, Եվրամիության, Չինաստանի և բարեկամ մյուս երկրների հետ:

Տեսանյութեր

Լրահոս