«Հուսով եմ՝ ԼՂ հակամարտությունը կգտնի իր լուծումը». Հասան Ռոհանի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ընդլայնված ձևաչափով հանդիպումից հետո այսօր կայացել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և Ալիևի մամուլի ասուլիսը: Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ վերջին 3 տարիների ընթացքում ադրբեջանա-իրանական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են:
Նրա խոսքով՝ երկկողմ տնտեսական կապերի զարգացումը երկու երկրների ղեկավարների կամքի դրսևորումն է:
«Մենք հաջող համագործակցություն ենք զարգացրել տարանցման ոլորտում, և դրանում նկատելի դեր է խաղում «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը»,- ընդգծել է Ռոհանին:
Իրանի նախագահը նշել է, որ Ադրբեջանը մասնակցում է Ռեշտ-Աստարա երկաթուղային ճանապարհի շինարարությանը:
«Երկու երկրները համագործակցում են նավթային ոլորտում: Իրանը պատրաստ է Ադրբեջանի հետ համագործակցության նաև սվոփ-օպերացիաներում»,- ասել է նա:
Ռոհանին ասել է, որ երկկողմ համագործակցությունը հաջողությամբ զարգանում է ավտոմոբիլաշինության ոլորտում:
«Այսօրվա հանդիպմանը քննարկվել են Կասպից ծովի էկոլոգիայի հարցերը, ինչպես նաև նավթային հանքավայրերի համատեղ օգտագործումը: Մենք որոշում ենք կայացրել շարունակել քննարկումները մինչև երկկողմ համաձայնության գալը:
Մենք քննարկել են նաև տարածաշրջանային խնդիրները: Իրանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ մենք հարգում ենք բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը: Հուսով եմ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կգտնի իր լուծումը: Հակամարտությունները պետք է կարգավորվեն քննարկումների և քաղաքական ճանապարհով»,- ասել է Իրանի նախագահը: