Սամվել Բաբայանը պատասխանում է Ռիչարդ Կիրակոսյանին ու Նիկոլ Փաշինյանին. «Առաջին լրատվական»

Ռիչարդ Կիրակոսյանը իր կարծիքն է հայտնել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հետ ունեցած կապի մասին: «Կարծում եմ՝ Սամվել Բաբայանը թե՛ անձնապես և թե՛ քաղաքականապես վտանգ է ներկայացնում Հայաստանի համար: Իր վերադարձը Մոսկվայի կամավոր արտաքսումից և իր կապը վիճահարույց քաղաքական դաշինքների հետ բարդացնում և միաժամանակ սպառնում է Հայաստանի ժողովրդավարությանն ու ապագային: Թեև կարծում եմ՝ դա ակնհայտ է ինչպես շարքային ընտրողի, այնպես էլ մեր ընթերցողների համար: Մարդիկ շատ լավ գիտեն և հասկանում են այս ամենը»,- նշել է քաղաքագետը։

Սամվել Բաբայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը Ռիչարդ Կիրակոսյանին չի ճանաչում, և լավ կլիներ, որ եթե դիմացինն էլ իրեն չի ճանաչում՝ կարծիք չհայտներ։ «Եթե մարդը մարդուն կյանքում չի տեսել, մի բառ չի փոխանակել նրա հետ և նման արտահայտություն է անում, ես նրան ասելիք չունեմ։ Նա քաղաքագետ է, թե այլ բան, ես չգիտեմ։ Ես եթե կյանքում հինգ րոպե չեմ խոսել դիմացինի հետ, ինձ թույլ չեմ տա նրա մասին կարծիք հայտնել, իսկ թե դիմացինը նման բան է անում, ուրեմն բուժման կարիք ունի»,- ասաց Բաբայանը՝ հավելելով. «Պարոն Բաբայանը միակ մարդն է, որ ոչ ռուս է, ոչ ջհուդ, ոչ էլ այլ բան։ Ես հայ եմ և կարող եմ պաշտպանել միայն Հայաստանի շահը, ուրիշ ոչ մի երկրի։ Եթե ռիչարդները պետք է Ամերիկայից գան, որ անգամ հայերեն խոսել չգիտեն ու Բաբայանի մասին կարծիք հայտնեն, ուրեմն Աստված իրենց հետ»։

Սամվել Բաբայանից հետաքրքրվեցինք նաև՝ պատրաստվո՞ւմ է ներողություն խնդրել Նրկոլ Փաշինյանից, թե՞ ոչ։ Հիշեցնենք, որ նախօրեին Սամվել Բաբայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ քաղաքական ուժերն արդեն տոկոս են պայմանավորվել իշխանությունների հետ: «Եթե պարոնայք Սամվել Բաբայանը և Սեյրան Օհանյանը նկատի են ունեցել «Ելք» դաշինքը, կարծում եմ՝ միակ բանը, որ կարող եմ նրանց առաջարկել՝ ներողություն խնդրելն է»,-արձագանքել էր Փաշինյանը՝ հավելելով. «Ես ցանկացած նման հայտարարության հեղինակին պատրաստ եմ հրավիրել ուղիղ եթերում դեմ առ դեմ նստել և այդպիսի հայտարարություն անել: Ես համոզված եմ, որ Սեյրան Օհանյանը չի կարող իմ դիմաց նստել և նման հայտարարություն անել»:

Սամվել Բաբայանից հարցրեցինք՝ պատրաստվում է ներողություն խնդրել և ուղիղ եթերում բանավիճել Փաշինյանի հետ։ «Չեմ պատրաստվում իրենց պատիվը բարձրացնել։ Այսքանը կարող եմ ասել»,- եզրափակեց Սամվել Բաբայանը։

Սոնա Հարությունյան

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Տեսանյութեր

Լրահոս