Վարչապետի հայտարարությունը հաղորդում է հանցագործության մասին

«Այդ հարցին պետք է պատասխանի այսօրվա պաշտպանության նախարարը, ինքը պարտավոր է պատասխանել այդ հարցին, Վիգեն Սարգսյանը պետք է հանդես գա ու ասի՝ եղե՞լ է նման բան, ի՞նչ մասշտաբների, ինչքա՞ն տեխնիկա է, որ չի կարողացել դուրս գալ, որովհետև, եթե այդ տեխնիկան դուրս գար, մենք մի քանի զոհ պակաս էինք ունենում։ Տեխնիկան դուրս չի եկել, երեխեքը մնացել են մենակ, թիկունքը մնացել է փակ։

Սա շատ լուրջ բան է։ Եվ եթե նման բան կա, ինչո՞ւ վարչապետն ասում է, գերագույն գլխավոր հրամանատարը՝ Սերժ Սարգսյանը, չի ասում, կամ ո՞վ է պատժվել դրա համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ելք» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ խոսելով վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարության մասին, որ կասկածում են, որ վառարանային վառելիքը կերոսինի հետ է խառնվում, և հենց նման խնդիրներն էին պատճառը, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում:

Ըստ նրա՝ դրա պատասխանատուն կարող է լինել ցանկացած մարդ՝ սկսած այդ անորակ վառելիքը ներկրողից, տեղում խառնողից, վերջացրած ԶՈՒ շտաբի անդամներից։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ վարչապետի նման հայտարարությունը հաղորդում է հանցագործության մասին, և պետք է պատշաճ քննություն իրականացվի։

ՔՊ կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը բացառեց այնպիսի իրավիճակ, որ, երբ Սերժ Սարգսյանն առաջին դեմքն է եղել, Սեյրան Օհանյանը՝ պաշտպանության նախարար, նրանցից մեկը պատասխանատու լինի, մյուսը՝ ոչ. «Այնտեղ, որտեղ պատասխանատու է Սեյրան Օհանյանը, պատասխանատու է նաև Սերժ Սարգսյանը։ Հակառակը գուցե թե ինչ-որ տեղերում հնարավոր է»։

Փաշինյանի համոզմամբ՝ սա արդեն Սերժ Սարգսյանի ու Սեյրան Օհանյանի խնդիրը չիէ, այլ ազգային անվտանգության խնդիր է։

Անդրադառնալով դաշինքի արտաքին քաղաքականությանը՝ Ն.Փաշինյանը նշեց, որ «Ելքում» չկան հակառուսական կամ պրոռուսական ուժեր, չկան հակաարևմտյան կամ պրոարևմտյան ուժեր, և դա չի նշանակում, որ չեն կարող քննադատել որևէ մեկին, իսկ իրենց համատեղ հուշագրում արձանագրվել է ՀՀ պետական և ազգային շահերի առաջնահերթությունը։ Նրա խոսքով՝ թեև առաջին հանդիպումներն ԱՄՆ-ում են եղել, բայց Ռուսաստանում հանդիպումներ կազմակերպելու հրավերներ ևս կան, և, եթե կազմակերպվի, կգնան նաև Ռուսաստան։

Փաշինյանը հիշեցրեց, որ «Ելքի» բոլոր ուժերը դեմ են եղել Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությանը, և իրենց ծրագրում արձանագրված է, որ դա սխալ որոշում է և ռիսկեր է պարունակում բնականոն տնտեսական ու քաղաքական զարգացման առումով, և այդ ռիսկերը կառավարելիս պետք է հաշվի առնեն ընթացիկ միջազգային և տարածաշրջանային իրավիճակի վերլուծությունը և ՀՀ ազգային շահը. «Եվ այս հարցերի շուրջ մենք ունենք կոնսենսուս»։

«Մենք հստակ հայտարարել ենք, որ խորհրդարանում բացառում ենք կոալիցիայի ձևավորումը բոլոր պայմաններում միայն Հանրապետականի հետ»,- ասաց Ն.Փաշինյանը՝ հավելելով, որ, թեև բազմաթիվ վերապահումներ ունեն այլ ուժերի նկատամամբ, բայց եթե ԱԺ-ում իրական հնարավորություն լինի, իրենք պետք է ճկուն գտնվեն և, հանուն փոփոխությունների՝ գնան քայլերի, որոնք թույլ կտան կատարել իրենց պարտականություններն ընտրողների առջև։

Ըստ նրա՝ իրենց թիրախն առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ն է և բոլոր հնարավոր ապօրինությունները։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս