«Կյանքում ինձ քչերն են օգնել». Սերգեյ Լավրովի դուստր
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի դուստրը՝ Եկատերինա Վինոկուրովան, Marie-Claire ամսագրին տված հարցազրույցում պատմել է, որ մոտ 10 տարի ապրում, աշխատում ու երեխաներին դաստիարակում է Ռուսաստանում, գրում է Vedomosti-ն:
Ներկայումս նա աշխատում է Smart Art ընկերությունում, որը զբաղվում է մի քանի ռուս նկարիչների աշխատանքները հայտնի դարձնելով:
«Ես երբեք չեմ թաքցրել, թե ով է իմ հայրը, բայց գրեթե երբեք այդ մասին չեմ խոսում: Եվ բոլորը, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ կյանքում ինձ քչերն են օգնել: Անկասկած, գլխավոր օգնությունը կրթությունն էր, որ տվել են ինձ»,- ասել է Լավրովի դուստրը:
Նրա խոսքով՝ իրեն միշտ սովորեցրել են հույսը դնել սեփական ուժերի վրա ու ինքնուրույն հասնել նպատակներին:
Դիվանագետի դուստրը 17 տարի ապրել է Ամերիկայում, քանի դեռ Լավրովը ՄԱԿ-ում Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչն էր:
Լավրովի դուստրը սովորել է Կոլումբիայի համալսարանի քաղաքագիտության բաժնում, այնուհետ ևս մեկ տարի՝ Լոնդոնի էկոնոմիկայի դպրոցում:
Ռուսաստան վերադարձել է 23 տարեկանում: Մոսկվայում նա նախ՝ 1 տարի աշխատել է նավթագազային ընկերության մամուլի ծառայությունում, այնուհետ՝ 3 տարի լոնդոնյան Haunch of Venison արթ-գալերիայի մոսկովյան ներկայացուցչությունում, ևս 6 տարի՝ Christie’s-ի ռուսական ներկայացուցչությունում, որտեղ հասել է մինչւ տնօրենի պաշտոնի և ներկայումս պատվավոր նախագահն է:
Ներկայումս Վինոկուրովայի Smart Art ընկերությունը միջնորդ է նկարչի ու հավաքորդների միջև, նախագծի նպատակն է բարձրացնել ժամանակակից նկարիչների ճանաչելիությունը: