Ղարաբաղյան հարցը բավականին լայն է ներկայացված հարավամերիկյան երկրներում. Արգենտինայում ՀՀ դեսպան
Ուրուգվայում, Չիլիում, Պերուում և Պարագվայում, որտեղ Հայաստանի դեսպանի նստավայրը համատեղության կարգով Բուենոս Այրեսն է (Արգենտինա) ղարաբաղյան հարցը բավական լայն է ներկայացված: Այս մասին ասել է Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյանը:
«Անցած տարի, երբ եղավ ապրիլյան պատերազմը, Չիլիի պատգամավորների պալատը դատապարտող բանաձև է ընդունել, որտեղ նշվել է, որ Չիլին դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ ագրեսիան, այսինքն` ոչ միայն դատապարտել է, այլև նշել է ԼՂՀ անվանումը: Ինչ վերաբերում է Ուրուգվային՝ անցած տարի սեպտեմբերին ձևավորվել է «Ղարաբաղյան ֆորում»-ը, որտեղ ներկայացված են հասարակական ու գիտական շրջանակների ներկայացուցիչներ, ակադեմիական շրջանի ներկայացուցիչներ: Ուրուգվայի ներկայացուցիչների պալատի նախագահը պաշտոնական այցով 2012 թվականին եղել է Արցախում: Այնտեղ բավական ուշադիր են տարածաշրջանում և, մասնավորապես, Արցախում տեղի ունեցող գործընթացներին: Ապրիլյան պատերազմի ժամանակ էլ Ուրուգվայի կողմից դատապարտող հայտարարություն է եղել»,- ասել է Էսթերա Մկրտումյանը:
Անդրադառնալով արգենտինահայ համայնքի կյանքին՝ Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը նշել է, որ համայնքը բավական հզոր է:
«Մենք անցած տարի շատ մեծ շուքով նշել ենք ԱՀ-ի անկախության 25-ամյակը: Միջոցառմանը մասնակցել են Արգենտինայի պետական մարմինների ներկայացուցիչներ, նաև Սենատի նախագահը, հնչել է ԱՀ-ի օրհներգը, ներկա են եղել պատգամավորներ, այլ դեսպանությունների ներկայացուցիչներ: Նրանք նաև դատապարտել են ապրիլյան դեպքերը: Արգենտինահայ համայնքի բարերարները բավականին աջակցություն են ցուցաբերում Արցախին»,- հավելել է դեսպանը: Էսթերա Մկրտումյանը նաև նշել է, որ արգենտինահայ համայնքը մշտապես հետևում է Արցախում տեղի ունեցող իրադարձություններին: