Բաժիններ՝

Ադրբեջանը տանուլ է տալիս բանակցություններում. Նալբանդյանի ճեպազրույցն ամբողջությամբ

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ստեփանակերտում դեսպանահավաքի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ:

Էդվարդ Նալբանդյան. Ավանդույթ է արդեն դարձել, որ երբ մենք կազմակերպում ենք դեսպանահավաք, այցելում ենք Արցախ։ Խորհրդանշական է, որ այս անգամ մենք սկսեցինք դեսպանահավաքը հենց Արցախ այցելությամբ, և միգուցե սա մեզ հնարավորություն կտա ավելի հաջող անցկացնել մեր հավաքը։ Այն, ինչ որ մենք լսեցինք Արցախի նախագահից շատ ոգևորիչ է: Կայացավ շատ բովանդակալից, հագեցած հանդիպում։ Դեսպանների, դիվանագետների համար շատ կարևոր է գալ Արցախ և լսել առաջին ձեռքից՝ անձամբ Նախագահ Սահակյանից, այն խնդիրների մասին, այն հարցադրումների մասին, որոնք հուզում են Արցախի մեր քույրերին և եղբայրներին:

Ցանկացած հայի համար շատ մեծ է Արցախ այցելելու ցանկությունը, ուր անընդհատ ուզում ես վերադառնալ։ Բայց դիվանագետների համար դա աշխատանքի, գործունեության հրամայական է:

Եվ այս հանդիպումն էլ Արցախի ղեկավարության հետ, ինչպես բոլոր նախորդ հանդիպումները, իսկապես շատ օգտակար էր:

Ես նաև կցանկանայի, օգտվելով առիթից, շնորհակալություն հայտնել Արցախի ղեկավարությանը այն բարձր գնահատանքի համար, որը տրվեց արտաքին գործերի նախարարության դիվանագետների գործունեությանը: Ոչ միայն նրանց անունից, ովքեր որ պարգևատրվեցին Արցախի պետական բարձր պարգևներով, այլ մեր բոլորի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որովհետև այդ գնահատականը մեր դիվանագետների ընդհանուր աշխատանքի, ջանքերի գնահատականն է՝ ի նպաստ, ի աջակցություն Արցախի ազատագրման շարժման։ Այդ ջանքերը գործադրվել են, երբ մեր դիվանագիտությունը կատարում էր առաջին քայլերը, և դրանք շարունակվում են նաև այսօր: Մենք լիցքավորված, ոգևորված ենք միշտ լինում Արցախ այցելություններով, հանդիպումներով թե ղեկավարության հետ, թե ժողովրդի հետ այստեղ, միշտ օգտագործում ենք առիթը՝ հանդիպելու, խոսելու նաև պարզ մարդկանց հետ, Արցախի մեր եղբայրների, քույրերի հետ: Այս հանդիպումները մեզ պարտավորեցնում են անել ավելին:

Հարց. Պարոն Նալբանդյան, գաղտնիք չէ, որ Արցախի միջազգային ճանաչման հարցը մշտապես գտնվել է Հայաստանի դիվանագետների գործունեության առաջնահերթությունների շարքում: Այդ մասին Դուք նաև բարձրաձայնել եք: Այդ ուղղությամբ ունե՞նք առաջընթաց: Կարելի՞ է ակնկալել, որ տարեվերջին կարող ենք ունենալ մեկ երկիր, որն իսկապես կճանաչի:

Էդվարդ Նալբանդյան. Բացառված չէ, բայց մեկ երկրի ճանաչումով չէ միջազգային ճանաչումը: Սակայն, ամեն ինչն իր սկիզբն ունի։ Դրան են ուղղված բանակցությունները, դրան է ուղղված եռանախագահների հետ բանակցային գործընթացը՝ ուղղված բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը, Արցախի ինքնորոշման իրավունքի ոչ միայն ճանաչմանը, այլև իրագործմանը։ Այդ դեպքում հնարավոր կլինի ակնկալել Արցախի ճանաչումը։

Հարց. Գործնականում իսկապես պարոն Նալբանդյան…

Էդվարդ Նալբանդյան. Դա հնարավոր է, և ես կարծում եմ, որ հենց դրան է գնալու:

Հարց. Կարգավորումը ռազմական լարվածությամբ է ուղեկցվում անընդհատ: Ի՞նչ է դա նշանակում:

Էդվարդ Նալբանդյան. Ի՞նչ է դա նշանակում. նշանակում է այն, որ Ադրբեջանը տանուլ է տալիս բանակցություններում, Ադրբեջանի ղեկավարությունն իրեն փակուղու մեջ է դրել: Որովհետև այն, ինչ ասում են միջազգային հանրության մանդատը ունեցող եռանախագահները, և Դուք լավ գիտեք, թե ինչ են նրանք ասում, իսկ ինչ է ասում Ադրբեջանը՝ տարբեր, հակասող բաներ։ Բանակցություններում փակուղու մեջ մտնելով՝ փորձում են ուժ օգտագործել, ուժ կիրառել, և իրենց թվում է, թե միգուցե ավելի հաջողություն կունենան։ Բայց մեր Արցախի զինվորներն ամեն ինչ անում են՝ ապացուցելով, որ ապարդյուն են այդ պատրանքները:

Հարց. Պարոն Նալբանդյան, այդքանով հանդերձ ժողովրդի մեջ դժգոհություն կա որոշակի մեր արտաքին քաղաքականության հանդեպ. խոսվում է, որ ամեն ինչ չի արվում: Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում այդ կարծիքներին:

Էդվարդ Նալբանդյան. Լավ եմ վերաբերվում։ Քննադատությունը լավ բան է, եթե կառուցողական է: Դրան պետք է ուշադրությամբ, լրջորեն վերաբերվել, որպեսզի էլ ավելի լավ և առավելագույնը անել: Բայց, կարծում եմ, որ մեր դիվանագիտությունը ապացուցել է նաև որ կան արդյունքներ: Եռանախագահող երկրների նախագահների մակարդակով հինգ հայտարարություն է արվել։ Որպես կարգավորման հիմք միջազգային իրավունքի նորմերի, սկզբունքների և դրույթների հիման վրա համապատասխան առաջարկներ են հնչեցվել Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների կողմից։ Մենք ասում ենք, որ պատրաստ ենք դրանց հիման վրա շարունակել բանակցությունները, գնալ կարգավորման, իսկ Ադրբեջանը մինչ այսօր ձևացնում է, թե այդպիսի հայտարարություններ ընդհանրապես գոյություն չունեն: Այդ հինգ հայտարարություններն Ադրբեջանն է անտեսում, այլ ոչ թե մենք: Ուրեմն մեր մոտեցումները համահունչ են միջազգային հանրության մոտեցումներին։ Դա ակնհայտ արդյունք է։ Իհարկե, կարող է և ավելին լինել: Դրա համար էլ ասում եմ՝ եթե կառուցողական քննադատություն կա, դա նորմալ է, և մենք էլ ուշադրությամբ պետք է դրան վերաբերվենք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս