«Էքստրաօրդինար երևույթ չէ այս 7000 քաղաքացիների հաշվառման վայրը փոխելը». Արփինե Հովհաննիսյան

ՀՀ օրենսդրությունը մի քանի հիմք է նախատեսում քաղաքացու հաշվառումը փոխելու համար, առավել քննարկվող հիմքն է, եթե հաշվառումն իրականացվում է փաստացի բնակության հանգամանքը համապատասխան ծառայողների կողմից ստուգելու արդյունքում: Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը` պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցին, թե արդյոք մտահոգիչ չէ՞, որ ընտրություններին ընդառաջ այս տարվա հունվարի 10-ից փետրվարի 10-ը 7000-ից ավելի քաղաքացիներ դիում են ներկայացրել` իրենց հաշվառման վայրը փոխելու նպատակով:

Ա.Հովհաննիսյանը ներկայացրեց ոստիկանության տրամադրած նախորդ 5 տարիների թվերը, թե քանի քաղաքացի է վերահաշվառվել հունվարի 10-ից փետրվարի 10-ը` 2016թ-ին` մոտ 6000, 2015-ին` 5500, 2014-ին` 5000, 2013-ին`7134:
Ի դեպ, նշեց նախարարը, 2013-ին նախագահական ընտրություններ էին, և հաշվառման վայրն էական չէր, քաղաքացիները որտեղ ուզեին, կարող էին քվեարկել:

«Ես հասկանում եմ ձեր մտահոգությունը, բայց էքստրաօրդինար երևույթ չէ այս 7000 քաղաքացիների հաշվառման վայրը փոխելը, որովհետև ընդհանուր վիճակագրությունը ցույց է տալիս, որ թվաբանությունը տատանվում է այդ տիրույթում»,- ասաց Ա.Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս