«Եթե Հայաստանը փոխի իր արտաքին քաղաքականությունն ու հեռանա Ռուսաստանից, Մոսկվան կփոխի իր դիրքորոշումը». ռուս փորձագետ. «Ազատություն»
Շփման գծում անցած շաբաթավերջին տեղի ունեցած բախումներից հետո ղարաբաղյան խնդիրը կրկին հայտնվել է միջազգային կառույցների և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Փորձագետները փաստում են, որ բանակցային գործընթացն այսօր փակուղում է, իսկ կողմերը կոշտացրել են իրենց դիրքորոշումները։ Ռուսաստանցի քաղաքագետ Անդրեյ Եպիֆանցևի կարծիքով՝ լարվածությունը շփման գծում սպասելի էր և շարունակական բնույթ է կրելու: «Ե՛վ Երևանը, և՛ Բաքուն չեն գնում զիջումների, ընդհակառակը՝ բարձրացրել են իրենց խաղադրույքները: Միջազգային հանրությունն էլ մի կողմից չի ուզում ներքաշվել այս հակամարտության մեջ, մյուս կողմից էլ պատշաճ ուշադրություն չի դարձնում դրան։ Այս պայմաններում Բաքուն անընդհատ գնալու է իրավիճակի սրացման»,- «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց ռուս փորձագետը:
Վերջինս թեև ընդգծում է, որ քառօրյա պատերազմից հետո լայնածավալ պատերազմի հավանականությունն աճել է, այդուհանդերձ, առաջիկայում 2016-ի արյունալի բախումների կրկնություն չի կանխատեսում: «Այսօր պատկերը բոլորովին այլ է… եթե ինչ-որ ավելի լուրջ բան լիներ, կողմերի գործողություններն այլ կլինեին»:
Ռուսական պետական լրատվական գործակալությունների ուշադրությունից, ի դեպ, չի վրիպել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Բրյուսել կատարած այցը։ Ըստ Եպիֆանցևի՝ պաշտոնական Մոսկվայի արձագանքը կախված կլինի այն բանից, թե «ինչքան հեռուն կգնա Երևանը»:
«Իհարկե, եթե Մոսկվան զայրանա, կփոխի իր դիրքորոշումը ԼՂ խնդրի հարցում,- ասում է փորձագետը, շարունակելով,- Այսօր Մոսկվան փորձում է պահպանել ստատուս քվոն Ղարաբաղի հարցում, ինչը ձեռնտու է Հայաստանին։ Բայց, եթե Հայաստանը փոխի իր արտաքին քաղաքականությունն ու հեռանա Ռուսաստանից, Մոսկվան կփոխի իր դիրքորոշումը՝ որդեգրելով ավելի ադրբեջանամետ դիրքորոշում։ Օրինակ՝ այլ կարգի զենք կվաճառի Ադրբեջանին, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, ավելի կոշտ կլինի, կհիշի, օրինակ, ՄԱԿ-ի Ավտանգության խորհրդի հայտնի չորս հռչակագրերը»։
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, մինչդեռ, համոզված է, որ Հայաստանի նախագահի այցը Բրյուսել և այնտեղ նրա արած հայտարարություններն ամենևին էլ չեն նշանակում, որ պաշտոնական Երևանը փոխել է իր արտաքին քաղաքականության վեկտորը:
«Հայաստանի ղեկավարությունը շատ լավ հասկանում է, թե ինչ լծակներ ունի Ռուսաստանը ազդելու, եթե Հայաստանը փորձի փոփոխել իր ռազմական քաղաքականությունը: Դա Հայաստանի ընտրությունն էր՝ ԵՄ-ի հետ հարաբերություններում սահմանափակվել միայն այն ոլորտներով, որոնցում Ռուսաստանի հետ խնդիրներ չեն լինի: Հետևաբար՝ ես չեմ կարծում, որ մենք տեսանելի ապագայում ինչ-որ լուրջ խնդիրներ կունենանք Մոսկվայի հետ»,- ասաց Սերգեյ Մինասյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: