Բաժիններ՝

Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել

Սումգայիթի հայ բնակչության զանգվածային ջարդերի

29-րդ տարելիցի կապակցությամբ

1988թ. փետրվարի 27-29-ը Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվել են նախապես ծրագրված և կազմակերպված զանգվածային ջարդեր հայ բնակչության նկատմամբ: Օգտվելով ամենաթողությունից և գործի դնելով դաժանության բոլոր հնարավոր գործիքները՝ ջարդարարներն անողոքաբար սպանել ու խոշտանգել են մի քանի տասնյակ հայերի, իսկ քաղաքն իրենց ձեռքով կառուցած ավելի քան 20 000 հայ անձանց ենթարկել բռնությունների ու թալանի:

Սումգայիթում Ադրբեջանի կողմից իրականացված սոսկալի կոտորածը 20-րդ դարի սկզբներին հայությանն իր հայրենքիում ոչնչացնելու թուրքական քաղաքականության շարունակությունն էր` այս անգամ որպես պատասխան ԼՂԻՄ մարզային խորհրդի 1988թ. փետրվարի 20-ի որոշման՝ մարզը Ադրբեջանի ԽՍՀ կազմից Հայաստանի ԽՍՀ կազմ տեղափոխելու վերաբերյալ:

Օգտվելով ԽՍՀՄ ղեկավարության անտարբերությունից և փորձելով խոչընդոտել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը՝ Ադրբեջանը շարունակել է իր հայատյաց քաղաքականությունը` ցեղասպանության ալիքը ընդլայնելով նաև Ադրբեջանական ԽՍՀ այլ հայաշատ բնակավայրերում, մասնավորապես, 1988թ. նոյեմբերին` Կիրովաբադում և 1990թ. հունվարին` Բաքվում:

Քաղաքակիրթ աշխարհն այսօր էլ լռում է` համարժեք գնահատական չտալով այդ վայրագություններին: Ավելին, օգտվելով միջազգային հանրության պասիվ կեցվածքից` Ադրբեջանի բռնատիրական ղեկավարությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել հայատյացության քաղաքականություն, որի ակներև հետևանքն են 2016 թվականի ապրիլին Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները և դրանց ընթացքում իրականացրած միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումները, քաղաքացիական բնակչության նկատմամբ կիրառված խոշտանգումները:

Կողմերի միջև հավասարության նշան դնելու միջազգային հանրության որդեգրած վարքագիծն այս օրերին էլ ադրբեջանական կողմին զինադադարի ռեժիմը պարբերաբար խախտելու և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ռազմական սադրանքներ հրահրելու առիթ է տալիս:

Հարգելով Սումգայիթի ջարդերին ու բռնի տեղահանությանը զոհ գնացած անմեղ հայերի հիշատակը, պահանջատեր լինելով նրանց խախտված իրավունքների վերականգնմանը և դատապարտելով այլատյացության, ծայրահեղականության ու ահաբեկչության ցանկացած դրսևորում՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը.

պնդում է, որ Սումգայիթի ջարդերը լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի 1948թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հանցագործության իրավական ձևակերպմանը,

վերահաստատում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության Ազգային ժողովի վճռականությունը՝ վարելու հետևողական քաղաքականություն ադրբեջանահայության ցեղասպանությունը կազմակերպողներին և իրականացնողներին միջազգային իրավունքի նորմերին համաձայն պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ,

կոչ է անում միջազգային հանրությանը և բոլոր երկրների խորհրդարանական կառույցներին դատապարտել Սումգայիթի հայ բնակչության զանգվածային ջարդերը՝ դրանց տալով պատշաճ իրավական գնահատական:

28 փետրվարի, 2017թ.

ք. Ստեփանակերտ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս