«Նեղացողները նրանք են, ովքեր կուսակցություն գալիս են պաշտոնների համար». Աշոտ Աղաբաբյան

ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն (Բուռնաշ) առաջիկա խորհրդարանական ընտրություններին չի մասնակցելու, զբաղվելու է գործարարությամբ, սակայն մնալու է քաղաքականության մեջ:  Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Ա.Աղաբաբյանը, ինքը նաև «Անկախության բանակ» հասարակական կազմակերպության ղեկավարն է:

«Քաղաքական գործունեությունս կշարունակեմ, այսինքն` զերծ չեմ մնա քաղաքակությունից»,- ասաց Աղաբաբյանը` ընդգծելով, որ հավատարիմ է ՀՀԿ-ին:

Դիտարկմանը, որ վերջին շրջանում ՀՀԿ-ից նեղացողներ եղան, Հովիկ Աբրահամյանը հեռացավ կուսակցությունից, Աղաբաբյանը պատասխանեց. «Նեղացողները նրանք են, ովքեր կուսակցություն գալիս են պաշտոնների համար, պատգամավոր դառնալու համար, բայց կուսակցությունը միայն դրա համար չի, չէ՞: Կուսակցությունն ավելի մեծ հասկացողություն է, որը ծրագիր ունի երկրի նկատմամբ իրագործելու, նաև անվտանգությունը պաշտպանելու: Այնպես որ` ես այդ ամեն ինչի մեջ կլինեմ»:

Աղաբաբյանը նշեց, որ ընտրությունների ժամանակ կզբաղվի նաև քարոզչութամբ և իր ընտրատարածքում օգտակար է լինելու ՀՀԿ-ին:

Կարդացեք նաև

168.am-ի հարցին, թե քաղաքացիներն ինչո՞ւ պետք է ընտրեն ՀՀԿ-ին, Աղաբաբյանը հարցով պատասխանեց. «Իսկ ինչի՞ պետք է ընտրեն «Բարգավաճին» կամ «Օրինաց երկրին», կամ մյուսին: Բայց ինչո՞ւ չպետք է ընտրեն: Մեղավորները կուսակցությունը լքեցին»:

Մեր ճշտմանը` Հովիկ Աբրահամյա՞նն էր մեղավոր, Աղաբաբյանը  նշեց՝ ոչ միայն: «Մարդ մեղավոր է, երբ չի կարողանում ճիշտ ղեկավարել իշխանությունը: Կուսակցության հիմնադիրներից լինելով, մեր «Անկախության բանակի» տղաների մեծ մասն են հիմնադիրները, կուսակցությունը էնպես չի լինում, որ գույնդ փոխես, տեսքդ փոխես, որտեղ կաս, էնտեղ կաս»:

Ա. Աղաբաբյանի կարծիքով` ՀՀԿ-ին մրցակից չկա, կան մրցակիցներ, բայց կոնկրետ մրցակից չի կարող լինել, որովհետև և՛ քանակի առումով, և՛ երկրի շինարարության փորձի առումով Հանրապետականը միշտ էլ առաջ է եղել: Իսկ կոռուպցիան, ըստ նրա, չկա մի երկիր, մի կուսակցություն, որ այսօր կոռումպացված չլինի, խնդիրն այն է, թե քանի տոկոս է:

Տեսանյութեր

Լրահոս