Հայ զինվորը, հայկական ծիրանը և եռագույնը՝ նոր Hi Zinvor խաղում
Անվերջ վազող հերոսով խաղերը վերջին տարիներին համարվում են լավագույնները և գրեթե երբեք չեն իջնում թոփ-խաղերի առաջատար հորիզոնականներից: Այդ խաղերի լավագույն օրինակն է Subway surfers-ը, որը վերջին տարիներին միշտ առաջին հորիզոնականում է՝ բեռնումների թվով:
AppStore-ում փետրվարի 8-ից հասանելի է անվերջ վազող հերոսով խաղի հայկական տարբերակը՝ Hi Zinvor-ը:
Խաղի հեղինակ Կարեն Սողոյանը պատմում է, որ խաղի գաղափարն առաջացել է պատահաբար: Տեսնելով շատերի հետաքրքրությունն անվերջ վազող հերոսով խաղերի նկատմամբ՝ հեղինակը մտածել է ստեղծել խաղի հայկական տարբերակը, և որպես հերոսի լավագույն տարբերակ՝ ընտրել է հայ զինվորին:
«Սկզբում կար նպատակ՝ խաղը պատվիրել հայկական կամ արտասահմանյան որևէ ընկերությունում, սակայն դրա համար մեծ ռեսուրսներ են պահանջվում: Դրա համար մտածեցի ինքս սկսել խաղի ստեղծման աշխատանքները, չնայած ունեմ ծրագրավորման փորձ, բայց ոչ խաղային ոլորտում»,- նշում է Կարեն Սողոյանը:
Խաղի ստեղծման աշխատանքները տևել են մոտավորապես 3 ամիս:
Խաղը սկսվում է նրանով, որ զինվորն օդապարիկով իջնում է և սկսում է վազել: Զինվորը վազում է դաշտերով, լեռներով, անտառներով: Զինվորն անընդհատ փորձությունների է հանդիպում՝ միաժամանակ կրակելով և սպանելով հակառակորդին:
Կարեն Սողոյանը նշում է, որ չնայած զինվորը վերացնում է հակառակորդին, խաղում առկա չեն դաժան տեսարաններ և դաժանությունը հասցված է մինիմալի: Խաղում չկան արյան կամ մահվան տեսարաններ: Կրակելուց հետո հակառակորդը միայն ոչխարի ձայն է հանում և անհետանում: Ի դեպ, խաղում չկա կոնկրետ հակառակորդ, որը որևէ երկիր է ներկայացնում: Հակառակորդի դրոշի վրա պատկերված է ոչխար:
Խաղը ստեղծելիս հեղինակն օգտագործել է հայկական արժեքներ: Օրինակ, էներգիան կորցնելիս՝ զինվորը կարող է ուտել հայկական ծիրան և վերականգնվել:
Խաղը AppStor-ում է 20 օր և արդեն ունի 8000-ից ավելի ներբեռնում: Խաղի հեղինակը նշում է, որ բեռնումները հիմնականում կատարվում են Հայաստանից, բայց կան բեռնումներ նաև այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ճապոնիան, Սինգապուրը և այլն:
Շուտով հասանելի կլինի նաև խաղի՝ Android օպերացիոն համակարգի համար նախատեսված տարբերակը:
Սիրարփի Աղաբաբյան