Ավիգդոր Լիբերմանը առաջարկել է ստեղծել հակաիրանական միություն
Մերձավոր Արևելքի պետությունները պետք է միավորվեն մեկ կոալիցիայում, որը ուղղված կլինի Իրանի դեմ, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը գերմանական Die Welt պարբերականի հետ զրույցում, հայտնում է TASS-ը։
Նրա կարծիքով՝ Մերձավոր Արևելքում գիտակցել են, որ ներկայումս «ամենամեծ սպառնալիքը» գալիս է Իրանից։
«Եկել է ֆորմալ միություն ձևավորելու ժամանակը, կոալիցիա՝ ընդդեմ ահաբեկչության՝ Մերձավոր Արևելքի բոլոր չափավոր ուժերի մասնակցությամբ, կարևոր չէ, խոսքը մուսուլմանների, հուդայականների կամ քրիստոնյաների մասին է»,- հայտարարել է Լիբերմանը։
Նա ընդգծել է, որ նման դաշինքը պետք է պաշտպանի առաջին հերթին իր անդամներին։
«Այն պետք է կոշտ պատժամիջոցներ սահմանի Իրանի նկատմամբ»,- հայտարարել է նա։
Նա վստահություն է հայտնել, որ «չափավոր արաբական պետությունները Իսրայելի կարիքն ավելի շատ ունեն, քան Իսրայելը ունի նրանց կարիքը»։