«Մարտի 1-ին հարթակում պետք է լինեն մարդիկ, որոնք մարտի 1-ին ոչ թե հարթակում էին, այլ իրենց տանը թեյ էին խմում». Նիկոլ Փաշինյան

«Բացառվում է, որ Հայաստանում իշխանափոխություն տեղի չունենա միայն այն պատճառով, որ մենք հանուն դրա ինչ-որ բան չենք անում, այսինքն՝ ձեռնպահ ենք մնում, տեսնում ենք, որ շանս կա անելու, ու չենք անում: Եվ թույլ տվեք կանխատեսել, որ ընտրություններին մասնակցող 9 ուժից, բացի ՀՀԿ-ից, առնվազն 5-ը պոտենցիալ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմող ուժեր են: Ես հիմա չեմ թվարկի, որպեսզի անմեղության կանխավարկածը չխախտեմ, բայց էլի եմ ասում՝ դրանք առնվազն այն ուժերն են, որոնք չեն հայտարարում, որ իրենք Հանրապետականի հետ ոչ մի պարագայում կոալիցիա չեն կազմի»,- այսօրվա ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում իշխանափոխության հասնելու լավագույն ճանապարհը՝ «Ելք» դաշինքին իշխանափոխություն իրականացնելու մանդատ տալն է ընտրողների կողմից:

Նա նշեց, որ գործող իշխանությունների օրոք «Մարտի 1»-ը չի բացահայտվի, և ըստ նրա՝ քաղաքական իրավիճակ պետք է փոխվի, որ այն բացահայտվի. «Մարտի 1-ի օրը չպետք է լինի որևէ քաղաքական ուժի մենաշնորհ: Մենք պատեհ էլ չենք համարում, որ Մարտի 1-ի օրը քաղաքական ուժերն Ազատության հրապարակի համար կռիվ տան: Այդ նպատակով «Ելք» դաշինքը բանակցել է ՀԱԿ-ի հետ՝ հետմարտիմեկյան հանրահավաքին մասնակցելու խնդրանքով, սակայն ՀԱԿ-ը քննարկել և մերժել է առաջարկը՝ պատճառաբանելով, թե զոհերի հարազատները դեմ են նման ֆորմատին: Ես անձամբ զրուցել եմ նրանցից ոմանց հետ, ովքեր հերքել են ՀԱԿ-ի պատճառաբանությունը»:

Ամփոփելով այս թեման՝ Փաշինյանն ասաց. «Տգեղ է, երբ փորձ է արվում մարդկանց մանր մանիպուլյացիաների ենթարկել: Ստացվում է, որ մարտի 1-ին հարթակում պետք է լինեն մարդիկ, որոնք մարտի 1-ին ոչ թե հարթակում էին, այլ իրենց տանը թեյ էին խմում»:

Կարդացեք նաև

Հարցին՝ ո՞ւմ նկատի ունի, նա պատասխանեց. «Նկատի ունեմ նրանց, ովքեր իրենց տանը թեյ էին խմում»:

Տեսանյութեր

Լրահոս