Բաժիններ՝

«Մարտի 1-ին երկրապահները բոլոր տեղերում լավաշ, պանիրով, ձվով ու թարխունով տոնելու են գարնան գալուստը». Մանվել Գրիգորյան. shamshyan.com

shamshyan.com-ը զրուցել է ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հետ

– Պարո՛ն գեներալ, ԵԿՄ 11-րդ համագումարի վերաբերյալ իրարամերժ գնահատականներ հնչեցին: Իսկ Դուք վերլուծություն արե՞լ եք, գո՞հ եք արդյունքներից:

– Համագումարը գնահատեց նախորդ շրջանում կատարված աշխատանքներն ու նախանշեց բոլոր ուղղություններով առաջիկա չորս տարվա անելիքները: Շատ կարճ ձեւակերպեմ: Մենք շարունակելու ենք աջակցել զոհված, անհայտ կորած, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին, շարունակելու ենք երիտասարդ եւ պատանի երկրապահների հայրենասիրական դաստիարակության ծրագրերը, շարունակելու ենք պաշտպանել եւ պահպանել հայոց անկախությունն ու պետականությունը, միշտ լինելու ենք Հայաստանի, Արցախի սահմանամերձ բնակավայրերի ժողովրդի, սահմանապահ զինվորի կողքին:

Նորընտիր վարչության կազմում էլ հայ ազգի բոլոր խավերի ներկայացուցիչներ կան, քանի որ Երկրապահը հենց աշխարհասփյուռ հայ ազգի կառույց է: Վարչության կազմն ընդլայնեցինք՝ ընդգրկելով մեզ հետ գործակցության հուշագրեր ստորագրած կառույցների ներկայացուցիչներին:

– Իսկ Ինչո՞վ բացատրել հանգամանքը, որ Դուք ընդգրկվեցիք ՀՀԿ համապետական ցուցակում, մի շարք երկրապահներ էլ ռեյտինգայինով են առաջադրվել:

– Հերթական անգամ պարզաբանեմ՝ Հանրապետականը Երկրապահի կուսակցությունն է, երկրապահ կուսակցություն է: ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանը երկրապահ ազատամարտիկ է եղել: ՀՀԿ առաջնորդներից է եղել ԵԿՄ հիմնադիր, Սպարապետ Վազգեն Սարգսյանը: Երկրապահ էր, մեր վարչության անփոփոխ անդամ էր Անդրանիկ Մարգարյանը: Եվ վերջապես, երկրապահ է, պատերազմի բովով անցած ազատամարտիկ է ՀՀԿ ներկա նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

– Մարտի 5-ը Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Դարձյա՞լ ճոխ միջոցառումներով եք այն նշելու։

– Մարտի 5-ը երկրապահական օրացույցում տոնական է։ Վազգեն Սարգսյանը հայ ազգի պատմության ամենավառ անհատականություններից է։ Նա ե՛ւ Երկրապահի հիմնադիր ու հավերժ նախագահն է, ե՛ւ հայոց պետական բանակի հիմնադիրն ու առաջին պաշտպանության նախարարը։ Նա էր, իր վճռականությունն էր, որ կարողացավ միավորել երկրապահ կամավորական ջոկատները։ Սպարապետն էր, որ կազմակերպեց ինքնապաշտպանությունն ու բանակի ձեւավորումը, որ կազմակերպեց մեր ռազմական հաղթանակն ու տարածքների ազատագրումը։ Սպարապետի կազմակերպական ջիղի, անմնացորդ հայրենասիրության եւ նվիրվածության շնորհիվ է, որ հայ ազգը, դարերի ընդմիջումից հետո, հայրենյաց տարածքներ ազատագրեց, ընդարձակեց, ոչ թե փոքրացրեց հայրենիքի սահմանները։

Եվ այս ամենը հաշվի առնելով՝ մենք Սպարապետի ծննդյան օրը հռչակել ենք նաեւ պատանի երկրապահների երդման օր։ Արդեն տասներորդ անգամ պատանիների երդման արարողությունն անցկացվելու է մարտի 5-ին, ընդ որում՝ արդեն երրորդ անգամ արարողությունն անցկացնելու ենք Ծիծեռնակաբերդի բարձունքում։ Զուգահեռաբար արարողություներ են կազմակերպվելու բոլոր տասը մարզերում։ Մեր պատանիներն ու աղջիկները երդվելու են տեր լինել հայոց արդար պահանջատիրությանը, տեր լինել պետությանը, առաջնորդվել այն արժեքներով, որ որդեգրել էր Սպարապետ Վազգեն Սարգսյանը։ Մարտի 5-ն, ի դեպ, մայր եկեղեցու օրհնությունն էլ ունի։

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կարգադրությամբ այդ օրը հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է պատանի երկրապահ կամավորականների օրհնության կարգ։ Իսկ տոնական միջոցառումները սկսելու ենք վաղ առավոտից՝ ԵԿՄ վարչության շենքում ծաղկադրում ենք անելու Սպարապետի կիսանդրու եւ ի պատիվ Սպարապետի կանգնեցված խաչքարի մոտ։ Այնուհետեւ այցելելու ենք Արարատ՝ Վազգենի օջախում, իր ծնողների հետ շնորհավորելու նրա ծննդյան օրը։ Մեր սրբազան պարտքն ու պարտականությունն է Գրետա մայրիկի առաջ խոնարհվելն ու շնորհակալություն հայտնելը, որ մեր Մեծ մայրիկը մեր ազգին Սպարապետ է պարգեւել։

Մարտի 5-ին երկրապահական պատվիրակությունները այցելելու են Հայաստանում, Արցախում, Սփյուռքում կանգնեցված Սպարապետի հուշարձաններին, այցելելու ենք բոլոր եղբայրական գերեզմաններ, պանթեոններ, վերականգնված Ջուղայի խաչքարերի կրկնօրինակներին, բոլոր պատմական հուշարձաններ։ Պատանի երկրապահի երդման արարողություններ էլ, Երեւանին զուգահեռ, անցկացվելու են բոլոր տասը մարզերում։ Մարտի 5-ը Երկրապահի տոնն է, երկրապահ հայ ագի տոնն է, եւ մենք շնորհավորելու ենք համայն հայությանը։

 – Գարնան բացումը դարձյալ վազգենավարի՞ եք անելու։

– Իհարկե՛։ Տեսնո՞ւմ եք՝ որքան գեղեցիկ ավանդույթներ է հիմնադրել Սպարապետը։ Հարգելու ենք իր սահմանած կարգը։ Մարտի 1-ին երկրապահները բոլոր տեղերում լավաշ, պանիրով, ձվով ու թարխունով տոնելու են գարնան գալուստը։ Երկրապահական ստվար մի պատվիրակություն պարտադիր այդ միջոցառումը կիրագործի Աշտարակի ձորի հենց այն հատվածում, ուր ամեն տարի մարտի մեկին լինում էր Սպարապետը։ Մարտը հարուստ է գեղեցիկ տոներով, որոնցից մեկն էլ կանանց տոնն է՝ մարտի ութը: Ես նախօրոք շնորհավորում եմ մեր մայրերին, կանանց, քույրերին, դուստրերին գարնանային գեղեցիկ տոնի կապակցությամբ: Շնորհավորում եմ հերոսներ ծնող հերոս մայրերին, հատկապես՝ մեր Մեծ մայրիկին՝ Գրետա մայրիկին:

Գագիկ Շամշյան

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս