«Ես խիստ կասկածում եմ, որ Սեյրան Օհանյանն այդպիսի քաղաքական համարձակություն կունենա՝ իմ առաջ նստել և նման բան ասել». Նիկոլ Փաշինյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, պատասխանելով հարցին, թե ո՞վ է, ի վերջո, իրենց դաշինքի վարչապետի թեկնածուն, ասաց, որ այդ հարցը դեռևս քննարկվում է.
«Մենք ձևավորել ենք դաշինք, ինչը նշանակում է, որ դաշինքային տրամաբանության մեջ միայն մեր պատկերացումները չէ, որ տեղ ունեն: Հայաստանյան իրականության մեջ և այստեղ ընդդիմադիր գործունեություն ծավալելու համար դա մի փոքր անսովոր տրամաբանություն է, բայց ես շարունակում եմ համոզված մնալ, որ դա ճիշտ տրամաբանությունն է, և վարչապետի թեկնածուի թեմայով մեզ մոտ քննարկումները կշարունակվեն: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ թիմի առումով բոլորի համար ամեն ինչ հստակ է, և, ըստ էության, «Ելք» դաշինքի վարչապետի թեկնածուին պետք է փնտրել առաջին եռյակի մեջ»:
Հարցին՝ ՔՊ-ն հայտարարել էր, որ կուսակցության վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, եթե քննարկումների արդյունքում որոշվի, որ ինքը չի լինելու «Ելք» դաշինքի վարչապետի թեկնածուն, դրանից չի՞ նեղվի, Փաշինյանն այսպես պատասխանեց. «Այդ ամենը չի արվում անձնական ինչ-որ դափնիներ ունենալու համար: Այս պահին ես շարունակում եմ մնալ ՔՊ-ի վարչապետի թեկնածուն, նաև ՔՊ-ի համամասնական ցուցակն եմ գլխավորում, բայց «Ելք» դաշինքում երրորդ հորիզոնականում եմ, և հույս ունեմ՝ բոլորդ տեսնում եք, որ ես դրանից առանձնապես չեմ նեղվում»:
Իսկ հարցին՝ ո՞րն է այն հստակ ցուցիչը, որն ի ցույց կդնի ներկայիս խաղացողների ընդդիմություն լինելը, նա պատասխանեց. «Այս պահին հստակ հայտարարել ենք, որ մենք բացառում ենք կոալիցիայի ձևավորումը ՀՀԿ-ի հետ, և ինչքանով տեղյակ եմ՝ միակ քաղաքական ուժն ենք, որ նման հայտարարություն ենք արել: Մենք առաջին հերթին՝ սա ենք կարևորում, և, եթե այլ ուժերի մասին է խոսքը, մենք Սերժ Սարգսյանի հետ նամակագրություն չունենք»:
Լրագրողը հիշեցրեց, որ Սեյրան Օհանյանի այն հայտարարությանը, թե բացի իրենց դաշինքից՝ բոլոր ուժերը վերահսկվում են, Փաշինյանը պատասխանել էր, որ նրանից ակնկալում է՝ ներողություն, և ապա հարց ուղղեց՝ եթե ամեն նմանատիպ հայտարարությունից հետո անհրաժեշտություն առաջանա ներողություն խնդրելու, ինքը հաշվարկե՞լ է, թե քանի հոգուց պետք է ներողություն խնդրի, որովհետև ինքը բազմիցս նման հայտարարություն է արել, այդ թվում՝ իրենց դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանի հետ կապված էլ է նման հայտարարություն արել ամիսներ առաջ: Այս հարցադրմանն ի պատասխան՝ Փաշինյանը խնդրեց մեջբերել իր հայտարարությունը, որը համեմատելի է Սեյրան Օհանյանի հայտարարության հետ:
Լրագրողը հիշեցրեց, որ Էդմոն Մարուքյանի հետ կապված՝ Փաշինյանն ասել էր, որ, եթե նա կատարել է բազմաթիվ քվեարկություններ, օրինակ՝ բյուջեի և այլնի դեպքում, ապա դա ինչի՞ մասին է խոսում:
«Ոչ, ես հայտարարել եմ, որ այդ քվեարկությունները խանգարում են մեր համագործակցությանը: Ես ասել եմ, որ այդ քվեարկություններն ու այդ մոտեցումը որոշակի խոչընդոտ է ստեղծում մեր համագործակցության համար, բայց ժամանակը և հանգամանքներն այդ խոչընդոտները վերացրել են, և մենք եկել ենք համաձայնության՝ այդ թվում նաև՝ ականջալուր լինելով հանրության կոչերին:
Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանի հայտարարությանը, ապա կարծում եմ՝ ցանկացած ոք, ով նման բնույթի հայտարարություն կանի մեր վերաբերյալ, նա պետք է դրա համար ներողություն խնդրի կամ հիմնավորի: Սեյրան Օհանյանը չի կարող իմ դիմաց նստել ու այդպիսի հայտարարություն անել: Ես խիստ կասկածում եմ, որ Սեյրան Օհանյանն այդպիսի քաղաքական համարձակություն կունենա՝ իմ առաջ նստել և ասել, որ ես վերահսկվում եմ իշխանությունների կողմից: Եթե նա այդ հայտարարությամբ նկատի է ունեցել նաև մեզ, բարոյականությունը թելադրում է ներողություն խնդրել դրա համար, հակառակ դեպքում պետք է գա ուղիղ եթերում նստի, ու խոսենք»:
Փաշինյանը հիշեցրեց, որ նման խոսակցություններ տարածողներին նախորդ տարի հրավիրել էր ուղիղ եթերով այդ ամենն իրեն ասելու, և միայն մի կին սկանդալ սարքեց. «Հիմա ո՞ւր է այդ կինը. Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում՝ Վահան Մարտիրոսյանի խմբի հետ»: